ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ հինգ համայնքներից (Վանաձոր, Իջևան, Գավառ, Արմավիր, Երևան) «Մասնակցային քաղաքականության լաբորատորիաներ» ծրագրի շահառուներին և այն իրականացնող «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Մասնակցային քաղաքականության լաբորատորիաներ» ծրագրի նպատակն է երիտասարդներին դարձնել ժողովրդավարական գործընթացների մասնակից՝ նրանց վերածելով հանրային քաղաքականության մշակման և որոշումների կայացման ակտիվ դերակատարների։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով երիտասարդության շեմ է սահմանվել 13 տարեկանը, ինչը հնարավորություն է տալիս, որ դեռևս պատանեկան հասակում նրանք ակտիվորեն ներգրավվեն երիտասարդական քաղաքականության մեջ։
«Կարծում եմ՝ կրթական համակարգը ոչ միայն պիտի գիտելիքի և հմտության փոխանցմամբ զբաղվի, այլև հուզական դաշտի կրթությամբ՝ պատրաստելով դեռևս դպրոցում գտնվող երիտասարդներին ինքնուրույն որոշումների կայացմանը, մասնակցությանը, քաղաքացիական կրթությանը։ Ուրախ եմ, որ «Ռեստարտ» հիմնադրամի կողմից իրականացված այսպիսի կարևոր ծրագիր կա, որը հնարավորություն է տալիս քննարկելու հենց մասնակցային քաղաքականության վերաբերյալ ձեր առաջարկած լուծումները»,– ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար։

Ներկայացնելով նախաձեռնության բովանդակությունը՝ հանդիպման մասնակիցները նշել են, որ հիմնական նպատակը երիտասարդների ներգրավմամբ տեղական մասնակցային մշակույթը կայացնելն է՝ նոր մեխանիզմներ մշակելու և առաջարկելու միջոցով։ Միևնույն ժամանակ արդյունավետ մասնակցությունը պահանջում է ոչ միայն քաղաքացիական ակտիվություն, այլև քաղաքական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ, փաստահեն վերլուծության, հանրային քաղաքականության առաջարկների մշակման և պետական ու տեղական ինստիտուտների հետ երկխոսության հմտություններ։
Հայաստանի հինգ համայնքներում փորձագետների միջոցով ու նաև երիտասարդների արձագանքները հաշվի առնելով՝ մշակվել են քաղաքականության առանձին առաջարկություններ։
Քննարկման ընթացքում երիտասարդները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրենց մշակած առաջարկությունները՝ ուղղված Հայաստանում մասնակցային կառավարման գործիքների և հանրային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մեխանիզմների բարելավմանը։
Ըստ այդմ՝ համայնքներում արձանագրված հիմնական բացերն են թիրախային խմբերի մասնակցության պասիվությունը, քաղաքացիական ակտիվության դրսևորման մասին իրազեկման հարթակների պակասը, խնդիրները գերատեսչություններում բարձրաձայնելու հնարավորության պակասը և այլն։ Ըստ ներկայացված առաջարկների՝ կարևորվել է հատկապես հանրակրթական համակարգում, մասնավորապես՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, մասնակցային քաղաքականության կարևորության մասին համապատասխան գիտելիք փոխանցելը։ Առաջարկվել է նաև պարբերական այցերով իրազեկումներ իրականացնել հասարակության շրջանում, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել ոլորտային լիազոր մարմինների հետ։










