Շատ կարևոր է, որ ԱԲ գործարանները հարկ վճարողներ են. վարչապետը՝ ԱԲ-ի վերաբերյալ քննարկմանը

Շատ կարևոր է, որ ԱԲ գործարանները հարկ վճարողներ են. վարչապետը՝ ԱԲ-ի վերաբերյալ քննարկմանը

Շատերը նշում են, որ Firebird AI-ի ծրագիրը և ԵՊՀ-ի գերհամակարգիչը, մեր առանձնահատուկ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, այն, ինչ մենք կարողանում ենք անել Սպիտակ տանը փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, ահռելի հնարավորություններ են բացել ՀՀ-ի համար, բայց շատ կարևոր է, որ մեր հրաշալի մարդիկ օգտվեն այդ հնարավորություններից։ Հնարավորությունները ոչ միշտ են օգտագործվում։ Այս մասին Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկմանը՝ NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ զրույցում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրոք, սա Հայաստանի վերափոխումն է, քանի որ այժմ մենք շատ ենք խոսում այս մասին։ Ընդամենը 8 ամիս առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ ուներ, և մենք մտածում էինք այն արտահանել, իսկ հիմա մտածում ենք՝ որտեղից ներմուծել էլեկտրաէներգիա, և դա կապված է արհեստական բանականության գործարաններում ներդրումների և Firebird նախագծի հետ»,– ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ամենակարևորն այն է, որ սա սկիզբն է, քանի որ ներդրումների ամենամեծ մասը ճանապարհին է։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ԱԲ գործարանները հարկ վճարողներ են։

Վարչապետն ասաց՝ բոլորս գիտենք, որ այսօր մտահոգություններ կան՝ կապված ԱԲ-ի՝ աշխատաշուկայի վրա ազդեցության հետ։

«Անհանգստություններ կան, որ աշխատաշուկան նվազելու է, և դա խնդիր է։ Բայց գիտեմ, որ կան նաև այլ կանխատեսումներ, որ ԱԲ գործարանները կնպաստեն ավելի շատ աշխատատեղերի բացմանը, ինչը շատ կարևոր է։ Մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք անհանգստացնող հարցերը»,– նշեց վարչապետը՝ հավելելով, որ, չնայած անհանգստություններին, գնալով ավելի շատանում են հնարավորությունները։

Վարչապետի խոսքով՝ տարբեր ներդրողների են հրավիրում Հայաստան։

«Գիտեք, դա Հայաստանը դարձնում է ավելի տեսանելի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում