Ազդարարվել է Վաչագան գետի հունի բարեկարգման մեծածավալ ծրագրի 3-րդ փուլի ավարտը, որը նշանավորվել է գետի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված կարևոր քայլով։ Այս մասին հայտնում է Կապանի համայնքապետարանը։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների հետ միասին Վաչագան գետ է բաց թողել կողակ, բեղաձուկ և կարմրախայտ ձկնատեսակներ։
Ձկնատեսակների բացթողմանը զուգահեռ՝ գետ են վերադարձվել նաև ջրլող թռչունները՝ բադերը, որոնց կրկին տեսնելը համայնքի բնակիչների համար սպասված իրադարձություն էր։


Ծրագրի երրորդ փուլը ընդգրկել է Գարեգին Նժդեհի հրապարակին հարակից կենտրոնական կամրջից մինչև Ողջի գետի հատման հատվածը, որտեղ իրականացվել են գետի հունի մաքրման, ավազանի էսթետիկ տեսքի ձևավորման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման, մայթի նորոգման, նոր ճաղավանդակների տեղադրման և լուսավորության համակարգի անցկացման աշխատանքներ։


Նշենք, որ Վաչագան գետի հունի բարեկարգման ծրագիրը կյանքի է կոչվում Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով, այդ թվում՝ համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից պարտադիր մասհանումների գումարով։
Ծրագրի 4 փուլերի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 1 019 538 698 ՀՀ դրամ, որից՝ 500 093 336 ՀՀ դրամը բնապահպանական հարկից մասհանման գումարն է, իսկ՝ 519 445 362 ՀՀ դրամը համայնքային բյուջեի միջոցները։








