Քննարկվել են հայկական և լիբանանյան բիզնեսների միջև նոր գործընկերային կապերի զարգացման հնարավորությունները

Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն այցելել է Զահլեում գտնվող «Gardenia Grain d’Or» գործարան, հանդիպել ընկերության հիմնադիր պարոն Նիկոլաս Աբու Ֆայսալի և Բեքաայի արդյունաբերողների միության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Այցը հնարավորություն է ընձեռել ավելին իմանալ «Gardenia Grain d’Or»-ի գործունեության մասին և անձամբ ծանոթանալ հեռատեսության, նվիրումի ու ձեռնարկատիրական ոգու շնորհիվ կառուցված հաջողակ բիզնեսին։
«Դեսպան Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է լիբանանյան այս հաջողակ ընկերության՝ Հայաստանում իր ներկայությունն ընդլայնելու փաստը, ինչը Հայաստանի և Լիբանանի միջև աճող տնտեսական կապերի խոստումնալից օրինակ է։
Բեքաայի արդյունաբերողների միության հետ հանդիպումը նաև արժեքավոր առիթ էր՝ քննարկելու համագործակցության ամրապնդման և հայկական ու լիբանանյան բիզնեսների միջև նոր գործընկերային կապերի զարգացման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։









