ԼԼիլիթ Ասատրյան

Ռեպեր

Խորհրդարանն ավարտել է առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրվա նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Իրինա Յոլյանը չի ընտրվել Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Խմբակցությունը դեռ նոր թեկնածու չի առաջադրել: Ազգային ժողովումպատգամավորների ելույթները հիմնականում չեն առնչվել օրակարգին, անդրադարձել են TRIPP-ին, Քոչարյանի կալանքին ու հոկտեմբերի 27-ին: Ընդունվել է նաև երեք նախարարությունների անվանափոխություն և գործառույթների վերանայում առաջարկող նախագծերի փաթեթը:-Վարդուհի

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ Հանրապետությունում ծավալվող իրադարձությունների նկատմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով վերջին շրջանի ձերբակալությունների մասին հարցին:


«Մոսկվան ակնկալում է, որ քաղաքական դաշինքները, կուսակցությունները, հասարակական գործիչները և ակտիվիստները, որոնք ջանքեր են գործադրում մեր երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ, կկարողանան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին», - ասել է Մարիա Զախարովան։

Նա հավելել է՝ Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր, սակայն կարծում է, որ վերջին զարգացումները ծավալվում են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանին վերաբերող կարգախոսների ներքո։ Զախարովան նշել է, թե նման մոտեցումը հակասում է պաշտոնական Երևանի հավաստիացումներին, որ իշխանությունները չեն ցանկանում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

ԱԳՆ խոսնակը նաև կրկնել է, որ Հայաստանը չի կարող միանալ ԵՄ-ին և միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ: «Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները»,- հավելել է Զախարովան։ Նրա համոզմամբ՝ Եվրամիությունը, իբր, ցանկանում է խաթարել ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, տնտեսական և համագործակցային կապերը: «Եթե այդպես չլիներ, կարելի էր դիտարկել որոշ հնարավորություններ, սակայն դրանք չկան», - եզրափակել է Մարիա Զախարովան:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԵՏԱՔՆՆԵԼ ՄԻՋԱԴԵՊԸ

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանում Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 27-ին անհայտ անձինք սադրիչ բնույթի պատկերներ են տեղադրել կառույցի դիմաց: Գերատեսչությունը կոչ է արել ռուսական կողմին հետաքննել միջադեպը և միջոցներ ձեռնարկել հետագայում նման դեպքերը կանխելու համար։

«Չենք բացառում, որ տեղի ունեցածի նպատակն է արհեստականորեն լարվածություն ստեղծել երկկողմ հարաբերություններում: Միջադեպը կարող է լինել վերջին շրջանում ռուսական մի շարք լրատվամիջոցների հակաադրբեջանական արշավի մի մասը», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Բաքուն հորդորել է Մոսկվային կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել դիվանագիտական աշխատողների անվտանգությունը:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՆԱՎԹ ՎԱՃԱՌԵԼ. ԻՐԱՆԻ ՆԱՎԹԻ ՆԱԽԱՐԱՐ

Իրանի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով արձագանքել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի մեկնարկած «Տնտեսական վտարանդի» գործողությանը՝ այն որակելով տնտեսական ահաբեկչություն։ Աբբաս Արաղչին նշել է, որ ամերիկյան պատժամիջոցները և Իրանի հետ այլ երկրների շփումները սահմանափակելու փորձը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը պետք է փոխհատուցում ստանա պատճառված վնասների համար:

Իրանի նավթի նախարարն էլ պնդել է, որ չնայած ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակմանը՝ երկիրը շարունակում է նավթ վաճառել և շահույթ ստանալ:

Մինչ այդ Դոնալդ Թրամփն Իրանի հետ կապված հրապարակում է արել Truth Social-ի էջում՝ մակագրելով՝ «Առաքելությունը կատարված է»: Սպիտակ տնից նշել են, որ այս պահին բանակցություններ չեն վարում, և այդպես կշարունակվի, մինչև Թրամփը չզգա, որ Թեհրանը կառուցողական է տրամադրված:

ՆԱՐԻՇԿԻՆԸ՝ ԱՄՆ ԿՀՎ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ սեպտեմբերին Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները կարող են նոր հանդիպում անցկացնել: Նրա խոսքով՝ այս պահին բանակցային գործընթացում դադար է: Մոսկվայից արձագանքել են. Կրեմլը տեղեկություն չունի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ծրագրերի և ժամկետների մասին՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է՝ ռուսական կողմը էսկալացիայի գնալու կարիք չունի, քանի որ Ուկրաինայում բոլոր ուղղություններով առաջ է շարժվում:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էլ հաստատել է, որ հանդիպել է օրերս Մոսկվա մեկնած ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռետկլիֆի հետ: Նարիշկինը ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումը որակել է «աշխատանքային»: Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստան Ռետկլիֆի այցը ինչ-որ չափով առօրեական էր։ Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը չի բացառել, որ այն «կարող է որոշակի արդյունքներ տալ»։ Նա հավելել է՝ շատ են ցանկանում, որ Ուկրաինայում պատերազմը դադարի:-Դիանա

Շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն կարտահանվի Արաբական Միացյալ Էմիրություններ: Watermelon Ecosystem-ի միջոցով հայկական արտադրանքը կհասնի նաև աշխարհի տարբեր շուկաներ՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը վստահեցրել է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին միավորող, Էմիրություններում ստեղծված հարթակի հիմնադիրը: Նա հայկական շուկան գրավիչ է համարել հատկապես գյուղատնտեսության, ձկնաբուծության, մսամթերքի արտադրության տեսանկյունից:-Լիանա

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում