Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲԴԽ խոսնակը։ 1lurer.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:
«Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն, Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 2026 թվականի մարտի 20-ից է փոխվել։ Որպես այլընտրանքային խափանման միջոցներ՝ համակցված կիրառվել է տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով, և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով և գտնվում էր տնային կալանքում, սակայն նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։









