ՀՀայկարամ Նահապետյան

Սինգապուրի SWITCH 2019 ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով

Սինգապուրի SWITCH 2019 ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում  մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։

SWITCH 2019-ին մասնակցում է 100 երկրի ավելի քան 12000 ներկայացուցիչ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր
ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։

Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև Սինգապուրի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։
SWITCH 2019-ի շրջանակներում մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով։

Google-ի, Microsoft-ի, IBM-ի, Amazon-ի, Master card-ի, այլ հանրահայտ ընկերությունների կողքին մեր երկրի  տեխնոլոգիական նվաճումներն են ներկայացնում հայկական ընկերությունները, որոնք աշխատում են ռոբոտաշինության, արհեստական բանականության, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում, կրթական և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակում։

Հայկական տեխնոլոգիական նվաճումները ներկայացնող մեր տաղավարը մեծ  հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների և ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։

SWITCH 2019-ի նպատակը ոլորտային քաղաքականություն մշակողներին և տեխնոլոգիական ձեռնարկություններին ու դրանց ղեկավարներին մեկ տեղում համախմբելն է։

Այստեղ գիտական հայտնագործություններն ու նվաճումները վերածվում են տեխնոլոգիական լուծումների, որոնք փոխում են մարդկանց կենցաղն ու ապրելակերպը։

SWITCH-ը հնարավորություն է համագործակցության նոր ուղիների ստեղծման ու զարգացման համար։ Այն իր շուրջն է համախմբում նորարարների, գյուտարարների, գործարարների ու ներդրողների, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում