Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է. Ալեքսանյան

Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է. Ալեքսանյան

Արմեն Ռուստամյանն ասում է՝ ծանր հրետանին հանել եք Դաշնակցության դեմ: Ա՛յ պարոն Ռուստամյան ջան, Դաշնակցության դեմ ծանր հրետանի հանելու կարիք չկա, մի «ռագատկեն» ամբողջությամբ հերիք է: Դուք էլ էն հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք: Դուք արդեն մի կուսակցություն եք, որը պարզապես սարսափում է խոսքից: Այդ մասին Ազգային ժողովում Հակոբ Հակոբյանի՝ ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Շատ վաղուց է եկել ժամանակը, որ Դաշնակցության կարգախոսը փոխվի, որովհետև Դաշնակցությունն անցած դարի վերջերից «Մահ կամ ազատություն» կարգախոսի հետ ոչ մի առերեսում չունի ու ոչ մի կապ չունի: Դաշնակցության կարգախոսն արդեն վաղուց եղել է և կա...

Կարծում եմ, որ հենց այստեղ՝ այս դահլիճում, պետք է հայտարարվի Դաշնակցության նոր կարգախոսը, ու ես ինձ վրա եմ վերցնում այդ բեռը, քանի որ դահլիճում ոչ մի դաշնակցական չկա: Թույլ տվեք այսօր ի լուր համայն Հայաստանի հայտարարել Դաշնակցության նոր կարգախոսը՝ «Մահ կամ գուբերնիա»»,- ասաց նա՝ չբացառելով, որ էվոլյուցիայի ընթացքում այն կարող է դառնալ «Ե՛վ մահ, և՛ գուբերնիա»:

Ըստ պատգամավորի՝ այս ամենի լուսավոր կետն այն է, որ քաղաքացիները հասկանում են, թե Դաշնակցության կապիտուլյացիան միայն ՀՅԴ-ի կապիտուլյացիան չէ:

«ՀՀ քաղաքացիները «Ե՛վ մահ, և՛ գուբերնիա» կարգախոսին հակադարձել են շատ պարզ և շատ հստակ: ՀՀ քաղաքացիները ասել են, ասում են և նրանց այս թեզին պատասխանելու են մի բառակապակցությամբ՝ «Կյանք և ազատություն», որովհետև դա է այն, ինչի համար ապրում ենք, ինչի համար կա մեր պետությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: 

Ըստ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ ինքը Դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով, իսկ դրա իրավունքն ունի, քանի որ մտավորական է:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©