Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց. Դմիտրիև

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց. Դմիտրիև

Աբու Դաբիում շարունակվել են փետրվարի 4-ին մեկնարկած ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունները: Ինչպես քննարկումների առաջին օրը, տեղի են ունեցել եռակողմ խորհրդակցություններ, այնուհետև խմբային աշխատանք:

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց: Նրա խոսքով՝ Եվրոպայից և Բրիտանիայից մի շարք դերակատարներ փորձում են միջամտել գործընթացին, սակայն որքան ավելի շատ են նման փորձեր արվում, այնքան ավելի ակնհայտ է առաջընթացը: Նա նաև հայտնել է, որ ակտիվ աշխատանք է իրականացվում ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:

Իր հերթին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են 314 գերիների փոխանակում կատարել:

«Այս արդյունքը ձեռք է բերվել խաղաղության բանակցությունների շնորհիվ, որոնք մանրամասն էին և արդյունավետ։ Չնայած դեռևս զգալի աշխատանք կա անելու, սակայն նման քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը շոշափելի արդյունքներ է տալիս և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը»,- հայտարարել է Ուիթքոֆը՝ հավելելով՝ քննարկումները կշարունակվեն, առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է լրացուցիչ առաջընթաց։

Չնայած ընթացող բանակցություններին՝ փոխադարձ հարվածները շարունակվում են: Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 180 անօդաչու: Մոսկվայից հայտնել են ուկրաինական 95 անօդաչու խոցելու մասին:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ բանակցություններին զուգահեռ Ուկրաինայի դաշնակիցներն ակտիվորեն ամերիկյան զենքեր են գնում, որպեսզի Ուկրաինային ապահովեն պաշտպանական անհրաժեշտ կարողություններով:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©