ԳԳոհար Սարգսյան

Գերմանիայի դեսպանը հետ է կանչվել Վրաստանից

Գերմանիայի դեսպանը հետ է կանչվել Վրաստանից

Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը հետ է կանչվել Թբիլիսիից՝ «հետագա գործողությունները» քննարկելու համար` հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում:

Որոշումն ընդունվել է Վրաստանի իշխանությունների հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին։ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կուսումնասիրի իրավիճակը։

«Ամիսներ շարունակ Վրաստանի ղեկավարությունը հետապնդումների արշավ է վարում ԵՄ- ի, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպանի դեմ»,- իր որոշումը բացատրել է Գերմանիայի ԱԳՆ-ն:

Հոկտեմբերի սկզբին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բողոք էր հայտնել Բեռլինում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Անա Աբուլաձեին՝ կապված Ֆիշերի նկատմամբ Վրաստանի իշխանությունների ագրեսիվ վերաբերմունքի հետ:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 24-ին, Պետեր Ֆիշերը կանչվել էր Վրաստանի ԱԳՆ, որտեղ նրան «հիշեցրել էին» դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին:

Վրացական կողմը «մտահոգություն է հայտնել երկրի ներսում արմատական օրակարգը խրախուսելու փորձերի կապակցությամբ»,- հստակեցրել է AFP գործակալությունը:

Թբիլիսիում դատապարտել են «Վրաստանում դատական գործընթացները քաղաքականացնելու ենթադրյալ փորձերը, ինչպես նաև այդ գործընթացներին դեսպանների մասնակցությունը»: Ֆիշերին նախազգուշացրել են, որ դիվանագետները «պարտավոր են հարգել ընդունող երկրի օրենքներն ու կանոնները» և չպետք է «միջամտեն ընդունող երկրի ներքին գործերին»:

Լրագրողների հետ զրույցում Պետեր Ֆիշերն ավելի ուշ սադրիչ է անվանել վրացական իշխանությունների ներկայացուցիչների կողմից իր և մի շարք այլ դիվանագետների նկատմամբ մեղադրանքները: Խոսքը Գերմանիայի և ժամանակակից Վրաստանի հարաբերությունների պատմության մեջ առաջին դեպքի մասին էր, երբ Գերմանիայի դեսպանին կանչել են ԱԳՆ։ Դիվանագետի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում