ԱԱսպրամ Սարատիկյան

Հարկային օրենսդրական վերջին փոփոխությունները քննարկվել են ՊԵԿ եկամուտների վարչարարության խորհրդի նիստում

Հարկային օրենսդրական վերջին փոփոխությունները քննարկվել են ՊԵԿ եկամուտների վարչարարության խորհրդի նիստում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ օրերս տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է հարթակի ակտիվ գործունեության կարևորությունը․

«Վստահ եմ՝ մեր աշխատանքների արդյունքները ցույց են տալիս, որ այստեղ քննարկվող հարցերը հնարավորություն են տալիս ապահովել ավելի արդյունավետ վարչարարություն, ընդունել ավելի մասնագիտական, փաստահեն և ներառական որոշումներ՝ հաշվի առնելով ինչպես մասնագետների, այնպես էլ հարկ վճարողների տեսակետները»։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հարկային օրենսդրական վերջին փոփոխություններին։ Քննարկվել են փաստաթղթավորման գործընթացում՝ գործնականում ի հայտ եկած խնդիրները։ Հատկապես, առևտրի օբյեկտում ապրանքի ձեռքբերման գործընթացում, երբ վճարումը կատարվում է անմիջապես առևտրի կետում, իսկ ապրանքի մատակարարումը իրականացվում է այլ վայրից (օրինակ՝ պահեստից), օրենսդրական կարգավորումների կիրառման հետ կապված առաջանում են մի շարք հարցեր։ Մասնավորապես, ՀԴՄ կտրոնի տրամադրման, հաշվարկային փաստաթղթերի կազմման և դուրսգրման, ինչպես նաև դրանց՝ որպես ուղեկցող փաստաթուղթ դիտարկվելու կարգավորումները։ Ընդգծվել է, որ ներկա փուլում ՊԵԿ-ը գույքագրում է այդ խնդիրները՝ հաշվի առնելով նաև խորհրդի կազմում ընդգրկված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, հարկ վճարողների տեսակետներն ու առաջարկները։ Ըստ Կոմիտեի ներկայացուցիչների, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ավելի պարզեցնել և դյուրացնել վարչարարությունը, միաժամանակ ապահովելով արդյունավետ հսկողություն։

Անդրադարձ է կատարվել նաև նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։ Քննարկվել են դրանց գործնական կիրառման ընթացքում առաջացած խնդիրները։  Նույնականացման միջոցներով դրոշմավորման գործընթացը լավարկելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկ ամսվա ընթացքում ներկայացնել մտահոգիչ հարցերն ու առաջարկները, որոնց լուծման հնարավոր տարբերակները կքննարկվեն խորհրդի հաջորդ նիստերում։

Բացի այդ, հանդիպմանը ներկայացվել են թվայանցման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՊԵԿ էլեկտրոնային համակարգերի լավարկման ուղղությամբ իրականացված վերջին ծրագրային բարելավումներին, որոնք ուղղված են ստացվող՝ մեծաքանակ և անընդհատ աճող հաշվետվությունների, հարկային հաշիվների, ՀԴՄ կտրոնների, ինչպես նաև Հարկային օրենսգրքից և այլ իրավական ակտերից  բխող պահանջների իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։ Նիստի մասնակից՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հարկ վճարողները ևս փաստել են, որ  վերջին շրջանում արձանագրվել է էլեկտրոնային համակարգերի կանոնավոր աշխատանք։

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխան ձևաչափով, ակտիվ քննարկումներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում