ԴԴիանա Գասպարյան

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ակտիվ համագործակցության և ազատ ու անկաշկանդ քննարկումների համար՝ ընդգծելով, որ այս կազմով սա վերջին հանդիպումն է. առաջիկայում նախատեսվում է նոր խորհրդի ձևավորում։ Անդրա­դառնալով օրակարգի հարցին՝ նախարարը կարևորել է նախագծի շուրջ իրական քննարկումների անցկացումը։ «Նախագիծը ներկայացրել ենք հասարակական խորհրդի քննարկմանը՝ հնարավոր դիտարկումները, առաջարկները, գուցե նաև մտահոգությունները հասկանալու նպատակով, որպեսզի կարողանանք այն լրամշակել և դարձնել իրապես օգտակար։ Փաստաթուղթը դրվել է նաև հանրային քննարկման, և բազմաթիվ առաջարկներ են ստացվել, ինչը ուրախալի է։ Եթե նախագիծը քննարկումներ է առաջ բերում, ուրեմն դրանում արտահայտված հարցերը մարդիկ համարում են կարևոր։ Ամենավատ նախագծերն անտարբերության հանդիպող նախագծերն են․ նշանակում է՝ դրանք որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծը նախատեսվում է քննարկել այլ կարևոր հարթակներում ևս, այդ թվում՝ Հանրային խորհրդում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց ասելիքն արտահայտել։

Օրակարգի հարցը՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով, որ նախագիծը հայեցակարգային փաստաթուղթ է, որը կարող է հիմք հանդիսանալ այլ փաստաթղթերի մշակման և նոր ծրագրերի իրականացման համար: «Նախագծում կա մի պարբերություն, որը թերևս բնորոշում է դրա ողջ էությունը, այն է. «Չկա արվեստի որևէ ձև, որին հակադիր լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է լինի ներառական և ներկայացնի բոլոր ձևերը։ Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր չէ դասական բեմական արվեստին. այն հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը։ Այն պետք է հաղթահարի մեր ամենամեծ խնդիրներից մեկը՝ ձևականությունը՝ գեղագիտությունը դարձնելով արվեստային և մշակութային ձևերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին»։ Այսինքն՝ այս փաստաթղթով ոչ թե սահմանափակվում, այլ բացվում են մշակութային սահմանները և ազատականացվում․ տաբուացված ոչ մի թեմա ոչ մի ժանրում պիտի չունենանք։ Սրանով կարևոր ուղերձ ենք հղում մեր երիտասարդությանը և հանրությանը, արվեստագետներին, մտավորականներին առ այն, որ աշխատեք, ստեղծեք, նախաձեռնեք, և ամեն ինչ Հայաստանում հնարավոր կդառնա»,- նշել է Դանիել Դանիելյանը։ Նրա խոսքով՝ մեր երկրի գեղագիտությունը հազարամյակներ շարունակ պատերազմական և տագնապային վիճակում գտնվող ժողովրդի գեղագիտություն է, որը տեսանելի է արվեստի բոլոր ճյուղերում՝ երգ, թատրոն, կինո, գրականություն և այլն։ «Վերոնշյալով պայմանավորված՝ ունեցել ենք երկու տեսակի գեղագիտություն․ բեմական՝ հասարակական խոսքի իմաստով, որը թելադրված, ուղղորդված քաղաքականություն է եղել պրոպագանդայի տեսակետից և կենցաղային, այսինքն՝ բեմից դուրս տեղի ունեցող գործընթացներ, որոնք ժողովրդին ամենից շատ են հուզել: Երբեմն էլիտար և բեմականացված մտածելակերպի պատճառով քարկոծվել է կենցաղային արվեստը, քանի որ հակադրվել են տարբեր երևույթներ»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ շեշտելով, որ որևէ գեղագիտություն պարտադրված չի կարող լինել, հետևաբար առաջարկվող նախագիծն ընդամենը հայեցակարգ է, որը հանրության քննարկմանն է ներկայացվել:

«Երբ խոսում ենք պատերազմի ու պայքարի մասին, բնականաբար առանցքում ողբերգության, մահվան և այլ դաժան թեմաներն են, որոնց կարելի է անդրադառնալ պատմության համատեքստում և տարբեր ֆորմատներով։ Սրանով ամենևին փորձ չի արվում մոռացության մատնել անցյալը․ այսօր առաջարկում ենք խոսել խաղաղության և երջանկության մասին, այն թեմաների, որոնք առավելապես տեղ չեն գտել մեր երգացանկերում և խաղացանկերում: Ինքներս մեզ ճանաչելու և բացահայտելու կարիք ունենք, որի հիման վրա էլ պետք է կառուցենք մեր այսօրվա և վաղվա գեղագիտությունը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Բանախոսի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են արվեստում ցենզուրայի բացակայությանը, գեղագիտության չափանիշներին և դրանց գնահատմանը, պետության ֆինանսավորմամբ մշակութային նախագծերի իրականացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և տաղանդների բացահայտմանը, արվեստի ազատականացմանը, մշակութային գործիչների ինքնաբավությանը, նախագծում առկա որոշ ձևակերպումների հստակեցմանը և այլն:

Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում