ՎՎահե Դավթյան

Երեխաների իրավունքների պաշտպանությունը պահանջում է համակարգային փոփոխություններ. ՄԻՊ

Երեխաների իրավունքների պաշտպանությունը պահանջում է համակարգային փոփոխություններ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում մասնակցել է խորհրդարանական լսումների՝ «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը։ Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով:

 

Քննարկումը նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:

 

Իր խոսքում Անահիտ Մանասյանը անդրադարձել է երեխաների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք խնդիրների` կարևորելով ոլորտային համապարփակ օրենսդրական փոփոխությունների իրականացումը. «Երեխաների իրավունքներին առնչվող խնդիրները Հայաստանում բազմազան են և շատ կարևոր է դրանց ճիշտ հասցեավորումը։ Այս համատեքստում կարևորում եմ օրենսդրական նախագծերի փաթեթի առկայությունը: Ուրախալի է, որ այսօր կարող ենք գործ ունենալ առնվազն լուծումների մշակման գործընթացի հետ, ինչը ցույց է տալիս ոլորտում առկա հանձնառությունը»,- ասել է Պաշտպանը:

 

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հարցում համակարգային մոտեցումների որդեգրման ու անհետաձգելի միջոցների կիրառման անհրաժեշտությանը. «Երեխայի հանդեպ բռնությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Մենք սովոր ենք խոսել ֆիզիկական բռնության մասին, բայց պետք է հաշվի առնել նաև բռնության այլ ձևերը, որոնք ոչ պակաս վտանգավոր են և լայնորեն տարածված»»:

 

Որպես հաջորդ կարևոր ուղղություն Պաշտպանը նշել է երեխայի պաշտպանության համակարգի վերափոխումը` հատուկ անդրադառնալով խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքին. «Հստակ է՝ անհրաժեշտ է նշված մարմինների համակարգային վերափոխում և կարողությունների զարգացում՝ երեխաների լավագույն շահը լիարժեք ապահովելու համար»:

 

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է նաև, որ երեխայի իրավունքներին առնչվող խնդիրներից շատերը պայմանավորված են այն հանգամանքով, որ մարդու իրավունքների կրթության համակարգը Հայաստանում չի համապատասխանում աշխարհում գործող ժամանակակից չափանիշներին․ «Շատ կարևոր է բարեփոխել մարդու իրավունքների կրթության համակարգը, քանի որ ոլորտում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ պայմանավորված են այն հանգամանքով, որ գործող կրթական համակարգը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին և միջազգային լավագույն փորձին։ Այդ պատճառով մենք հաճախ բախվում ենք մարդու իրավունքների իրացման և պաշտպանության արդյունավետության հետ կապված խոչընդոտների, որոնք հետևանք են թե´ պետական մարմինների ներկայացուցիչների, թե´ մասնագիտական համայնքների ոչ բավարար գիտելիքների և հմտությունների առկայության: Ուստի առանցքային է ոլորտային կրթական համակարգի վերափոխումն ու մասնագետների հմտությունների կատարելագործումը»:

 

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն համատեղ ջանքերով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում