ԿԿարմեն Ղուկասյան

ՊԵԿ-ը և ՀՊՏՀ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր

ՊԵԿ-ը և ՀՊՏՀ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Համագործակցության ընդլայնման նպատակն է համատեղ ուժերով աջակցել տնտեսագիտության և գործարար վարչարարության ոլորտներում մասնագիտական կրթության զարգացմանը, պետական ֆինանսական համակարգում բարձրացնել արդյունքահեն հետազոտությունների դերը։ Փոխգործակցությամբ, մասնավորապես, նախատեսվում է մշակել և իրագործել ՀՊՏՀ բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրեր, ակադեմիական կազմի վերապատրաստման գործընթացում ներգրավել Կոմիտեի մասնագետներին, կազմակերպել գիտաժողովներ, ֆորումներ և այլ գիտական միջոցառումներ, ստեղծել նաև համատեղ էլեկտրոնային գրադարաններ և ընթերցասրահներ։

ՊԵԿ նախագահը նաև հանդիպում է ունեցել բուհի ղեկավար կազմի հետ, ռեկտորի ուղեկցությամբ շրջայց կատարել ՀՊՏՀ տարածքում։ Այնուհետև Էդուարդ Հակոբյանը հարազատ բուհում հանդես է եկել «Ուսանողից՝ ղեկավար» թեմայով բաց երկխոսության ձևաչափով բանախոսությամբ և ուսանողների հետ զրուցել իր անցած մասնագիտական ճանապարհի մասին՝ սկսած ուսանողական տարիներից մինչև պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնի ստանձնումը։ ՊԵԿ նախագահն առանձնահատուկ կարևորել է կրթության և գիտելիքի շարունակական կուտակման, ինչպես նաև անձնական առաքելության ձևակերպման անհրաժեշտությունը՝ մասնագիտական զարգացման և առաջնորդության ճանապարհին։

«Իմ անցած ճանապարհը ցույց է տալիս, որ մասնագիտական աճին կարելի է հասնել միայն անձնական հանձնառության և հետևողական աշխատանքի շնորհիվ։ Անհրաժեշտ է մշտապես ձգտել ինքնազարգացման, գիտելիքի ու փորձի կուտակման, իսկ պետական համակարգում աշխատելը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում ծառայելու հանրությանը և նպաստելու երկրի զարգացմանը»,– ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Ողջունելով ՊԵԿ նախագահին և ներկաներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը կարևորել է պետական հատվածի հետ համագործակցությունը և ընդգծել, որ պետությանը ծառայելը յուրաքանչյուր անհատի համար մեծագույն առաքելություն է․ «Մենք հպարտանում ենք մեր այն շրջանավարտներով, որոնք իրենց կարիերայի հաջողությունը պատկերացրել են պետությանը ծառայելով, որովհետև դա շատ ավելի բարդ ճանապարհ է որպես այդպիսին, քան մասնավոր հատվածում հաջողություն ունենալը»։

ՊԵԿ նախագահն ուսանողների հետ նաև կիսվել է պետական կառավարման ոլորտում հաջողելու սեփական փորձով, ներկայացրել է պետական ծառայողության առանձնահատկությունները, ինչպես նաև երիտասարդների դերը պետական համակարգում։ Ամփոփելով խոսքը՝ Էդուարդ Հակոբյանն ուսանողներին հորդորել է լինել նպատակասլաց և ակտիվ մասնակցություն ունենալ ուսման ու մասնագիտական զարգացման գործում․  «Ձեր ճանապարհը կերտողը դուք եք․ սիրե՛ք ձեր մասնագիտությունը, լսե՛ք դասախոսներին և ճիշտ ձևակերպե՛ք ձեր առաքելությունը»։

Բանախոսությունն անցել է ինտերակտիվ հարցուպատասխան ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում