Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին (նստավայրը`Թբիլիսի): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և ռազմական կցորդին` մաղթելով հաջողություններ առաքելության ընթացքում: Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ և ԵՄ ձևաչափերով, երկար տարիների փորձ ունի, Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև երկու երկրների պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը համագործակցության և անվտանգային հարցերի շուրջ:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել հայ-լիտվական փոխգործակցությունը և փոխանցել համագործակցության կայուն զարգացմանն աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը:










