Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնեց՝ օրենքի նախագիծն արտահերթ կարգով անհետաձգելի են համարել ոռոգման սեզոնի մեկնարկով պայմանավորված:
Նախագծով առաջարկվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի խմբագրությամբ նախագծի մեջ 16-րդ հոդվածի Ա կետը շարադրել նոր խմբագրությամբ:
Նախարարը պարզաբանեց՝ ինչի մասին է խոսքը: 1972 թվականին, երբ դեռ Խոսրովի արգելոցը չուներ այն սահմանները, որը ներկայումս ունի, խորհրդային տարիներին կառուցվել է ջրային համակարգ, որից հետո, ըստ էության, Գառնի համայնքի ոռոգման ջրի թույլտվությունը կամ ջուրը հենց այդտեղից է ստացվել:
«Մենք առաջարկում ենք, որ մինչև 1991 թվականի դեկտեմբերի 2-ը, որը համընկնում է անկախ Հայաստանում «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի ընդունմանը, նախկինում եթե կան ջրային համակարգեր, խմելու ջրի նպատակով կամ ոռոգման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրենք, եթե ջրի այլ աղբյուր չկա: Խոսքը 670 հեկտար ոռոգման տարածքների և 1400 բաժանորդների մասին է:
Մենք օրենքում այս հնարավորությունը, եթե ջրի այլընտրանք չկա, բացում ենք: Այդ համակարգը 1972-ին է կառուցվել, մինչև հիմա օգտագործվում է,
»,- հայտնեց Սիմիդյանը:










