ԼԼիլիթ Ասատրյան

Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն. ԶՊՄԿ գլխավոր տնօրենի հայտարարությունը

Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն. ԶՊՄԿ գլխավոր տնօրենի հայտարարությունը

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ․Ն․Խուդոլին ուղերձ է հղել կոլեկտիվին: Ուղերձում ասված է.

 

«Սույնով շնորհակալություն եմ հայտնում Ընկերության կոլեկտիվին՝ արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։ Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և Հայաստանի Հանրապետության համար։

 
Վերահաստատում ենք այս օրերին Ընկերության կողմից կայացրած որոշումների և կատարված հայտարարություններով ստանձնած պարտավորությունների անվերապահ պահպանումը և կատարումը։
 
Բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս օրերին ջանքեր գործադրեցին ծագած խնդիրներին կառուցողական լուծումներ տալու ուղղությամբ, հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։
 
Հանձնառու ենք մեր աշխատակիցների հետ քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտում քննարկել և լուծել ընթացիկ բոլոր հարցերը։
 
Ընկերությունը, կատարելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները և հանդես գալով որպես աշխատակիցների անվտանգ աշխատանքային միջավայրի երաշխավոր, հորդորում է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր Ընկերության արտադրական գործունեության վերսկսմամբ կամ իրենց աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված ենթարկվել են կամ կենթարկվեն ցանկացած տեսակի սպառնալիքի, բռնության, ոտնձգության կամ հաշվեհարդարի, այդ մասին անհապաղ հաղորդել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ +37495364587 հեռախոսահամարով։
 
Ընկերությունը երաշխավորում է հաղորդումների գաղտնիությունը և բացառում ազդարարողների նկատմամբ վրեժխնդրության հանդուրժումը՝ համաձայն Ընկերության «Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի» քաղաքականության (hղումը` https://www.zcmc.am/about/governance/):
 
Ընկերությունը խստորեն դատապարտում է ցանկացած նման ճնշում իր աշխատակիցների նկատմամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նշված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ պաշտպանելով իր աշխատակիցների իրավունքները և անվտանգությունը»։
 
Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարեցվել է:
 
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
 
Աշխատանքից ազատման հրամաններ էին տրվել ութ աշխատակիցների վերաբերյալ։
 
ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջները՝ անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ էր ներկայացրել իրավապահ մարմիններին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում