ՎՎահե Դավթյան

Ուսուցչական համաժողովի համայնքային փուլն անցկացվել է Երևանում և 10 մարզում

Ուսուցչական համաժողովի համայնքային փուլն անցկացվել է Երևանում և 10 մարզում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ անցկացվել է Երևանում և 10 մարզերում։ Ամսվա լավագույնները մրցույթում հաղթող ճանաչված 156 մանկավարժական աշխատողներից համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 100 ուսուցիչ, տնօրեն, տնօրենի տեղակալ և խմբակավար հանդես են եկել զեկույցներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի համաժողովին, որը կազմակերպվել է Հ․ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում՝ երկու աշխատարաններով։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ, տեղակալներ և ուսուցիչներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը՝ այս համատեքստում ընդգծելով ուսուցիչների մասնագիտական զարգացման խնդիրը: «Մասնագիտական զարգացումը կարևոր է ոչ միայն վերապատրաստումների, այլ նաև տարբեր միջոցառումների իրականացմամբ՝ ուսուցչի դրական փորձը վեր հանելու և տարածելու միջոցով։ Հանրակրթական դպրոցներում կրթական բարեփոխումներին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքների վերլուծությունը, խնդիրների վերհանումն ու լուծումների առաջարկներն ուղենիշային կլինեն հետագա աշխատանքների լավարկման համար»,- նշել է նախարարի տեղակալը։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև համաժողովին դպրոցի տնօրենների մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ նրանց կողմից հաճախ են բարձրաձայնվում դպրոցներում առկա խնդիրներ, որոնք ձևավորվում են ուսուցչական և ծնողական համայնքից ստացված քննարկումների և շփումների արդյունքում: «Հետևաբար կարևոր է նաև հենց տնօրեններից լսել արդյունավետ լուծման առաջարկներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ուսուցիչները զեկույցներում հիմնականում ներկայացրել են իրենց դրական փորձառությունը՝ դասավանդման նոր մոտեցումներով և ծրագրերով:

Համաժողովի ուղղություններն են․

  • Դասի պլանավորման կարևորությունը ուսումնական գործընթացի արդյունավետության վրա:
  • Նորարարական ռազմավարությունների կիրառումը՝ որպես դասերի արդյունավետության բարձրացման միջոց։
  • Նախագծային ուսուցումը որպես հետազոտահեն կրթության հիմք։
  • Արժեքային համակարգի ձևավորումը ուսուցման գործընթացում։
  • Գնահատման տարբեր ձևերի կիրառման ազդեցությունը սովորողների ուսումնական մոտիվացիայի բարձրացման հարցում:

Համաժողովի նպատակն է խրախուսել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձն ու դրա տարածումը՝ խթանելով ուսուցիչների մասնագիտական զարգացումը։ Համայնքային փուլում երաշխավորված լավագույն զեկույցները կներկայացվեն համաժողովի հանրապետական փուլում, որը տեղի կունենա Ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում