ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի փորձագետն անհանգստացած է Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դատական հետապնդմամբ

ՄԱԿ-ի փորձագետն անհանգստացած է Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դատական հետապնդմամբ

Իրավապաշտպանների կարգավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում վեց իրավապաշտպանի և լրագրողների ձերբակալությունների ու դատական հետապնդումների կապակցությամբ:

«Վերջին ամիսներին ես ականատես եղա Ադրբեջանում իրավապաշտպանների ու լրագրողների դեմ ձերբակալությունների և քրեական գործերի տագնապալի ալիքի: Ես կառավարությանը տեղեկացրել եմ երկու նման դեպքի մասին, որոնք այս մտահոգիչ միտման մաս են կազմում»,- ասել է Լոուլորը:

Իրավապաշտպանների թվում, որոնց գործերին անդրադարձել է հատուկ զեկուցողը, ընդգրկված են  «Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսումնասիրման կենտրոնի» նախագահ Անար Մամեդլին, Ուլվի Հասանլին և Սևինջ Աբասովան, Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան, համապատասխանաբար՝ մարդու իրավունքների և կոռուպցիայի հետաքննության հարցերով զբաղվող  Abzas Media պարբերականի տնօրենը, գլխավոր խմբագիրն ու լրագրողները: Հաֆիզ Բաբալին անկախ լրագրող է: Նրանք մեղադրվում են «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փողերի մաքսանենգության համար»՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով, նրանց սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:

«Հակակոռուպցիոն հետաքննությունները, ընտրությունների անկախ մոնիտորինգը և մարդու իրավունքների միջազգային պաշտպանությունը, բոլորն օրինական աշխատանք են մարդու իրավունքների ոլորտում: Այս աշխատանքի և խոսքի ազատության կիրառման համար հաշվեհարդարը մարդու իրավունքների միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- ասել է Լոուլորը:

Հատուկ զեկուցողը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված լրագրողների և իրավապաշտպանների տներից առգրավել են էլեկտրոնային սարքեր ու փաստաթղթեր, առանց օրդերի խուզարկություններ են իրականացրել նրանց ծնողների բնակության վայրերում, իշխանությունները սահմանափակել են նրանց հասանելիությունը փաստաբաններին, որոշ դեպքերում՝ նույնիսկ ընտանիքի անդամներին: Ձերբակալված ակտիվիստների հարազատների բանկային հաշիվները սառեցվել են:

«Ադրբեջանում բոլոր իրավապաշտպաններն ու լրագրողները պետք է կարողանան աշխատել ազատ և ապահով միջավայրում՝ առանց ահաբեկման և ոտնձգությունների»,- ասել է Մերի Լոուլորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում