ՎՎահե Դավթյան

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

Խորհրդարանը փետրվարի 7-ին քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է  Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Արթուր Աթաբեկյանի կենսագրական տվյալները, աշխատանքային գործունեությունը, անդրադարձել թեկնածուի մասնագիտական որակներին:

Արթուր Աթաբեկյանը խոսել է Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթների, Վճռաբեկ դատարանում գործող առանձին պալատների դերի մասին: Թեկնածուի համոզմամբ՝ Վճռաբեկ դատարանի որոշումները պետք է ուղղորդող նշանակություն ունենան դատավորների, իրավաբանական համայնքի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց ու քաղաքացիների համար, պետք է հիմք հանդիսանան որոշակի օրենսդրական բարեփոխումների միջոցով օրենքներում առկա իրավական խնդիրները լուծելու համար: Նրա խոսքով՝ արդարադատությունը պետք է իրականացվի իրավունքի գերակայության հիմքով, որի կարևոր բաղադրիչներն են օրինականությունը, իրավական որոշակիությունը, կամայականության արգելքը, անկախ և անկողմնակալ դատարանում արդարադատության մատչելիությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, հավասարությունն օրենքի առջև: «Այս բաղադրատարրերի ամբողջական կիրառմամբ կարող ենք համարել, որ ապահովված է իրավունքի գերակայությունը»,- ընդգծել է թեկնածուն:

Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է դատարանների կողմից գործի քննությունը ողջամիտ ժամկետում չիրականացնելու վերաբերյալ դժգոհություններին, կարծիք հայտնել, որ դրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: «Պետք է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գործում է 7 դատավորի կազմով: Այս պահին դրանցից երկուսը թափուր է, և տարեկան 3000 ու ավելի բողոք ստանալու պարագայում գրեթե անհնարին է դառնում սեղմ ժամկետում համապատասխան որոշում կայացնելը»,- ասել է թեկնածուն և համոզմունք հայտնել, որ վերջին ժամանակներում իրականացված բարեփոխումներն այս առումով դրական արդյունք կտան:

«Ուշացած արդարադատությունը համարվում է մերժված արդարադատություն, և մենք պետք է մեր դատական գործունեությամբ ողջամիտ ժամկետներում գործի քննությունն ապահովելու տեսանկյունից այնպիսի դատական դրսևորումներ ունենանք, որ դատարան դիմող սուբյեկտը չկորցնի հետաքրքրությունն իր իրավունքների պաշտպանության հարցում»,- արձանագրել է Արթուր Աղաբեկյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 8-ի նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում