ԼԼուսինե Մուրադյան

Մյասնիկյան պողոտայի երկայնքով տարածքը կազատվի ապօրինի հողազավթումներից, կմաքրվի և կկանաչապատվի

Մյասնիկյան պողոտայի երկայնքով տարածքը կազատվի ապօրինի հողազավթումներից, կմաքրվի և կկանաչապատվի

Մյասնիկյան պողոտայի երկայնքով՝ մինչև Կենդանաբանական այգու հատվածը, մոտավոր տվյալներով, կա 25 հեկտար կանաչապատման և անտառապատման ենթակա տարածք: Այցերի ընթացքում տեղում բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել, որոնք վերաբերում են ոչ միայն հողազավթմանը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է մաքրել սահմանազատված տարածքները, ազատել ապօրինի կառույցներից և այդ հատվածներում կանաչապատման աշխատանքներ իրականացնել:

«Տարածքում առկա են հողազավթման դեպքեր, ցանկապատված են տարբեր տարածքներ, որի վրա շինություններ չկան, դրանց հարցը, կարծում եմ, հեշտ լուծելի է: Դրա հետ մեկտեղ 8 անձի կողմից նաև ինչ-որ շինություններ կան կառուցված, և 8 ընտանիք Մյասնիկյան պողոտային հարող մասում բնակվում է, ինչպես նաև Լվովյան փողոցի կողմից շենքերը սարքելուց հետո՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, այնտեղ բազալտե բավականին մեծ քարեր են կուտակվել»,- ասաց Բեգոյանը:

Հաջորդ հարցը վերաբերում է տարածքի սանիտարական մաքրմանը, քանի որ հսկայական տարածքներն ամբողջովին ամայի են կամ լրիվ չորացած ծառերով են պատված: Կա նաև ոռոգման ջրի խնդիր:

«Ծառատունկը հնարավոր կլինի իրականացնել լավագույն դեպքում այս տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը»,- ասաց նա և հավելեց, որ ամենամեծ խնդիրը «զավթված, գրավված» տարածքների խնդիրն է, և այդ մասով պետք է հանդիպել քաղաքացիների հետ, հասկանալ իրավիճակը:

Անդրադառնալով հարցին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց. «Մենք այլևս չենք հանդուրժելու այսպես ասած բախչաները, քոլիկները և ապօրինի շինարարությունը, որովհետև, կարծում եմ՝ դրա ժամանակաշրջանը վաղուց սպառվել է»,- ապա հավելեց. «Ինձ համար մեծ տարբերություն չկա՝ համայնքային բյուջեի՞ց են փող գողանում, թե՞ համայնքային հողերն են գողանում, այսինքն՝ նույնն է, նույն համայնքից գողությունն է: Եվ բանակցելու շատ լայն դաշտ չունենք, ունենք գործելու դաշտ»:

Ավինյանը նաև նշեց, որ պետք է տարածքներն ազատել ապօրինություններից, քանի որ տասնամյակներով կանաչ ֆոնդը նվազել է նմանատիպ գործողությունների հաշվին: Նա նաև հիշեցրեց, որ քննարկվելու են օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք ավելի են բարդացնելու նմանատիպ տարածքների զավթումը:

«Հիմա կանաչ ֆոնդի վերականգնման ժամանակաշրջան է, պետք է խնդրեմ անցնել ակտիվ գործողությունների»,- ասաց նա:

Արմեն Բեգոյանը մեջբերեց նաև մասնագետների կարծիքը, այն է՝ էկոլոգիական առումով նման մեծ տարածքների անտառապատումը շատ դրական ազդեցություն է ունենալու Երևան քաղաքի և հատկապես Կենտրոն վարչական շրջանի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում