Հայաստան է ժամանել Վրաստանի գլխավոր դատախազը. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ԱԱլիս Մելիքսեթյան

Հայաստան է ժամանել Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը:

Վրաստանի գլխավոր դատախազի այցը ՀՀ տեղի է ունենում դեռևս 2018 թ. մայիսի 30-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արված հրավերի շրջանակում:

ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 19-ին կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը:

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու և օբյեկտիվ պատճառներով հետաձգվող այցը հնարավոր դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ բազմադարյա պատմամշակութային կապերի, Վրաստանում մեծաթիվ հայ համայնքի դերակատարությամբ պայմանավորված՝ երկու հարևան երկրների միջև զարգացող ջերմ, բարեկամական հարաբերություններին համահունչ, գլխավոր դատախազների հանդիպումները ևս կդառնան առավել հաճախակի:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև վստահության բարձր մակարդակը թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծելու երկուստեք բարձրացվող՝ իրավական փոխօգնության, հանձնման գործընթացների հետ կապված հարցերը: Նա օրինակելի է համարել էլեկտրոնային արդարադատության ներդրման և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման հարցում համատեղ շահագրգիռ աշխատանքը: 

Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է ոչ միայն երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, այլ նաև երկու երկրների դատախազությունների բարեկամական կապերի ու բարի կամքի հիման վրա: Նա բարձր է գնահատել Վրաստանի տարածքով Հայաստան ապրանքների տեղափոխման, զբոսաշրջության ոլորտներում վրաց ժողովրդի ու պետության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը: Շեշտվել է հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ հումանիտար խնդիրների լուծման հարցում վրացական կողմի ունեցած ներդրումը: 

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ իր այցը նոր մակարդակի կտեղափոխի դատախազական կառույցների հարաբերությունները: Նա նշել է, որ հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունը դարերի պատմություն ունի, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և քաղաքացիների փոխադարձ այցելությունները դինամիկ աճում են, և Վրաստանը Հայաստանին տարածաշրջանում մոտենում է որպես կարևոր հենարանի: Նա համոզմունք է հայտնել, որ իրավական ոլորտում երկու երկրների դատախազությունների համագործակցության խորացումը առավել կխթանի ինչպես այդ կապերի ամրապնդումը, այնպես էլ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարը: Իրակլի Շոթաձեն Արթուր Դավթյանին սիրով հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Թբիլիսիում կայանալիք դատախազների միջազգային համաժողովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միմյանց երկրներում և հատկապես սահմանային անցակետերում երկու պետությունների քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման, սահմանային շրջանների դատախազությունների միջև շփումների մեխանիզմների ստեղծման, հայ-վրացական սահմանին վերահսկողության ուժեղացման, ապօրինի սահմանահատումների դեմ համատեղ պայքարը կատարելագործելու հետ կապված հարցեր:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իրակլի Շոթաձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն իրավական հիմքեր է ստեղծում համագործակցելու քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանն առնչվող տեղեկատվության և փորձի փոխանակման, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով:

Գլխավոր դատախազները հուշագրի ստորագրումը կարևորել են կողմերի միջև դեռևս 2005 թ. կնքված իրավական օգնության և համագործակցության մասին հուշագրից հետո գործակցությունը թարմացնելու, երկկողմ ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու, դատախազների միջև նաև միջանձնային կապերը խթանելու առումով:

Պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում մշակել և ընդունել հուշագրից բխող կոնկրետ միջոցառումների ծրագիր, ինչպես նաև ավելի հաճախակի դարձնել գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումները:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում