ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սամարղանդում հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իր պաշտոնակիցների հետ: Քննարկվել են առևտուրը, ներդրումները և տարածաշրջանային գործակցությունը:
Ռուբիոն շեշտել է, որ Կենտրոնական Ասիան կարևոր ուղղություն է դառնում ներդրումների և արտահանումների համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է ընդլայնել տարածաշրջանի հետ տնտեսական կապերը և խորացնել գործընկերությունը:
Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Ռուբիոն անդրադարձել էր ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն անում է ամեն բան այն դադարեցնելու համար: Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ իրենք չեն հասել ցանկալի առաջընթացի:
Ռուբիոն հերքել է Ուկրաինայի նախագահի այն պնդումները, որ ԱՄՆ-ն որոշ ժամանակով դադարեցրել էր Կիևին հետախուզական տվյալների տրամադրումը:
Իսկ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կասեցումը Ռուբիոն բացատրել է նրանով, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տեսնել՝ արդյոք ներկայում ընթացող բանակցությունները կարո՞ղ են դրական արդյունքներ տալ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:













