Թրամփը խոստացել է ծանր հարվածներ հասցնել Իրանին

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ծանր հարվածներ հասցնել Իրանին՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ հարձակման փորձի համար: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» գիշերը բալիստիկ հրթիռներով թիրախավորել էր Հորդանանում ԱՄՆ-ի ավիաբազան և կենտրոնական հրամանատարության շտաբը՝ ի պատասխան Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների։ Հորդանանը հայտնել էր իրանական 5 հրթիռ խոցելու մասին:

Վերջին օրերին տիրող հարաբերական անդորրը խախտվել է նաև գիշերն Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորման թիրախներին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով: Որպես հարձակման պատճառ են նշվել ամերիկյան ուժերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարվածները, որոնք, ըստ ամերիկյան կողմի հայտարարության, ուղղորդվել են ԻՀՊԿ-ի կողմից:

Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» հայտարարել է, որ Վաշինգտոնը և Էր Ռիադը թիրախավորել են խմբավորման դիրքերը երկրի 7 նահանգում, սպանվել է առնվազն 20 զինյալ, 30-ից ավելին վիրավորվել են:

Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրաքի իշխանությունների հետ համակարգել է հարվածները: Բաղդադը դատապարտել է երկրի ինքնիշխանության դեմ հարձակումը։ Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, նաև հետաձգել Սաուդյան Արաբիա ծրագրված այցը:

Իրանի արտգործնախարարությունը նույնպես դատապարտել է Իրաքին հասցված հարվածները՝ նշելով՝ դրանք նպատակ ունեն ընդլայնել Մերձավոր Արևելքում հակամարտության մասշտաբները և բացահայտ ոտնձգություն են Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
 

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում