Պուտինի հետ պատրաստ եմ քննարկել երկու հարց՝ հրադադարը և գերիների փոխանակումը. Զելենսկի

ՎՎահե Դավթյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մարկո Ռուբիոն և ամերիկացի այլ պաշտոնյաներ կմեկնեն Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական հարցով նախատեսված բանակցությունների համար։

«Կարծում եմ՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի 15-ին, հուսով եմ՝ լավ արդյունք կունենանք», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Թուրքիայում Պուտինի հետ բանակցելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի նախագահը մեկնի Ստամբուլ:

Վոլոդիմիր Զելենսկին ևս հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Վլադիմիր Պուտինին և կբանակցի միայն նրա հետ: Ուկրաինայի նախագահն ընդգծել է Կիև-Մոսկվա ուղիղ բանակցությունների կարևորությունը: Նա նշել է, որ ցանկանում է Պուտինի հետ քննարկել երկու հարց՝ հրադադարը և գերիների փոխանակումը:

Ստամբուլյան հնարավոր բանակցությունները քննարկել են Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները: Անդրիյ Սիբիհան նշել է, որ Թուրքիան այժմ համաշխարհային դիվանագիտության էպիկենտրոնն է: Ուկրաինացի դիվանագետը վերահաստատել է խաղաղությանը, հրադադարին և Մոսկվայի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցություններին Կիևի հանձնառությունը:

Թուրքական կողմը տեղեկացրել է, որ բանակցությունների ձևաչափը դեռ հստակեցվում է: Թե ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը, ևս հայտնի չէ, շրջանառվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունը: Այնուհանդերձ, Մոսկվայից տեղեկացրել են, որ Կրեմլի ներկայացուցիչները վաղը կլինեն Թուրքիայում և կսպասեն Կիևի թիմին:

Կրեմլի խոսնակը նշել է, որ մայիսի 15-ին Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպումներ ունի, այլ մանրամասներ Դմիտրի Պեսկովը չի հաղորդել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը տեղեկացրել է, որ ինքը և Մարկո Ռուբիոն Ստամբուլ կմեկնեն մայիսի 16-ին:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում