Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին։
«Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ:
Իհարկե, այս ընթացքում արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, այն ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, և դա է եղել մշտապես մեր օրակարգում: Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար: Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամա կարող են խոցվել: Եվ այս տրամաբանությունը, որ զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը:
Բայց ես ուզում եմ նաև գնահատել իրադրությունը Հայաստանի տեսակետից: Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն իրադրության տեսանելի և էական փոփոխություն մենք չունենք: Բայց ինչպես ասել եմ և ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Տեսեք, այսօր մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ և նաև պաշտոնական լրատվամիջոցներ, կամ իշխանությունների հետ կապ ունեցող լրատվամիջոցներ, տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը: Եվ, ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները:
Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:
Եվ նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ: Ցավոք պիտի արձանագրեմ, որ, ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են, ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր:
Ահա Հայաստանի պետականությունը և պետությունն այս պայմաններում պետք է արձագանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որոնք, իմ խորը համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է: Պիտի կռահեք, որ ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է նաև ինձ համար, Անվտանգության խորհրդի անդամների համար, երկրի ղեկավարության համար, բայց մենք այս պահին որևէ չհաշվարկված, որևէ կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք:
Այս պահին կարծում եմ այսքանն ունեմ ասելու և կրկին անգամ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետևել պաշտոնական տեղեկատվությանը և պաշտոնական լրահոսին: Իհարկե, բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի: և, իհարկե, շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում լիարժեք կարգով գործի իրավակարգը և պահպանվի կայունությունը, որովհետև բոլորիս հասկանալի է, որ իրավակարգի և կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը, որ գործում են և նպատակադրված են գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Այսքանն այս պահին, սիրելի հայրենակիցներ, ըստ անհրաժեշտության, նաև ես անձամբ, ձեզ տեղեկատվություն կտամ իրադրության վերաբերյալ, իրադրության իմ գնահատականները կիսեմ ձեզ հետ, և նաև պետական մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունը, ըստ անհրաժեշտության մյուս պետական մարմինները, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ»,- ասված է ուղերձում:










