Նախագծի մշակումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտի կատարելագործման և Կառավարության լիազորությունների և պարտականությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում:
Նախագծով առաջարկվել է սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը: Նշված դրույթը նաև կհանդիսանա որպես լիազորող օրենսդրական նորմ՝ ոլորտին առնչվող իրավական կարգավորումների կատարելագործման համար: Ըստ Նարեկ Տերյանի՝ կան հսկվող ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, և այս իմաստով, անհրաժեշտություն կա վերահսկելու այդ գործընթացները ու բացառելու այդ ապրանքները ռազմական նպատակներով օգտագործելու հետ կապված հնարավոր ռիսկերը:
«Նպատակ ունենալով կանոնակարգել ապրանքների արտահանումը և տարանցիկ փոխադրումը՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե երկակի նշանակության ապրանքների վերաարտահանումն ինչ բաժին ունի արտահանման մեջ: Նարեկ Տերյանը պատասխանել է, որ էական թիվ չի կազմում: «Արդյո՞ք վերջին ժամանակներում երկակի նշանակության ապրանքների վերաարտահանման հետ կապված ՀՀ-ն ունեցել է որոշակի խնդիրներե հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ասել է. «Քանի որ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել, մեր կարծիքով, ավելի ճկուն պետք է լինել, և եթե ինչ-որ փոփոխություններ պետք է անել կարգում, պետք է լիազորել, որ Կառավարությունն անի այդ փոփոխությունները: «Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում ընդունված է, և բազմաթիվ երկրներ ունեն նման նորմեր: Երկակի նշանակության ապրանք վաճառող ընկերությունները փաստաթղթերում ունենում են «Վերջնական օգտագործողի հավաստագիր»: Այս մասին խոսել ենք դեռևս 2018 -2019 թվականներին, միջազգային նման տեսակի տեխնոլոգիաներ օգտագործելու, արտադրելու և արտահանելու տեսանկյունից ավելի վստահելի և թափանցիկ գործընկեր ունենալու խնդիր է դրված»,- պարզաբանել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ողջունելով Էկոնոմիկայի նախարարությանը՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով առաջարկվող փոփոխությամբ Կառավարության գործիքակազմն առավել ճկուն է դառնում, և ապահովագրելով որոշակի ռիսկերից՝ սահմանվում է խիստ հսկողություն երկակի նշանակության ապրանքների դեպքում:
Հանձնաժողովի փոխնախագահը հավելել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:










