ԼԼիլիթ Ասատրյան

Մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը

Մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը

Կյանքի 94-րդ տարում կյանքից հեռացել է հայ մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ալբերտ Ազարյանը:

Նա ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն էր և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահը։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել էր «Ազարյանական խաչ»։

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում, արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։

1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։

1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սեմյոն Կարագյոզյանի ղեկավարությամբ, զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին։

1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։ Երևանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի անվամբ։

Նրա որդին՝ Էդուարդ Ազարյանը, նույնպես մարմնամարզիկ է, օլիմպիական չեմպիոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում