ՀՀ վարչապետը մարզային հանդիպումների ժամանակ հասկացել է, որ խելացի անասնագոմերի մասին ծրագրից քչերն են տեղյակ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարաության՝ օգոստոսի 11-ի նիստի ժամանակ:
«Զեկույցներում մենք գնացինք, համայնքներում հրավիրեցինք մարդկանց, ասացինք՝ բոլորը տեղյակ են, ամեն ինչ գիտեն, մտածում են: Սուտ է, այդպես չէ: Ում համար մենք արել ենք այդ ծրագիրը, այդ մարդն ընդհանրապես տեղյակ չէ, որ նման բան կա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարեց, որ մարզպետարանների հետ 1 ամսվա ընթացքում զբաղվեն ծրագրի մասին իրազեկման հարցով՝ այցելելով բոլոր սարատեղեր, յայլաներ:
«Այդտեղից սկսում են և իջնում են գյուղեր: Հատ-հատ հերթով մտնում են բոլոր այն տները, որոնք զբաղվում եմ անասնապահությամբ»,- ասաց վարչապետը, ապա նշեց, որ նաև խնդիր կա՝ խելացի անասնագոմերը ցրված չլինեն, որպեսզի վաճառվող ապրանքի ինքնարժեքի խնդիր չառաջանա:
Թեմայի շրջանակում վարչապետն առաջարկեց համայքնների ղեկավարների հետ խոսել և համայնքային նշանակության հողերը տրամադրել մարդկանց, որպեսզի ստեղծվեն կլաստերներ, իրար մոտ տեղակայված մի քանի տասնյակ խելացի անասնագոմեր:
«Հիմա այսպես ցաքուցրիվ ստեղծում ենք, վաղը որ մթերող ընկերություններին ասենք՝ մթերե՛ք, ասելու են՝ լսե՛ք, ես գնում եմ, այնքան տրանսպորտային ծախս եմ անում, որ այդ գյուղ հասնելն ինձ ձեռնտու չէ»,- ասաց վարչապետ:










