ՀՀայկ Նավասարդյան

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Մ23 տարեկանների պայքարում ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 221 կգ արդյունքով (96+125) զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Գյուրջյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում, իսկ պոկումում արժանացել է փոքր բրոնզին։

Մ23 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք: Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին Պետրոսյանը զիջել է ընդամենը 1 կգ-ով: Պետրոսյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:

Հիշեցնենք՝ 20-ամյա Պետրոս Պետրոսյանը Երևանում ապրիլին անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 379 կգ արդյունքով (165+214 կգ) զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը և դարձել բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչներից Մ20 տարեկանների պայքարում երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է նաև +87 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը՝ երկամարտի 214 կգ (96+118) արդյունքով: Հայ մարզուհին նաև փոքր բրոնզե մեդալի է արժանացել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 96 կգ կշռող ծանրաձողը:

Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներն արդեն 5 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել:

Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են նաև Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:

Մինչև 20 տարեկանների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել են Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում