ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանակաaն կողմը հիմա էլ անցել է խոցելի վիճակում գտնվող քաղաքացիների անհատական մակարդակով հետապնդմանը. ԼՂ ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանակաaն կողմը հիմա էլ անցել է խոցելի վիճակում գտնվող քաղաքացիների անհատական մակարդակով հետապնդմանը. ԼՂ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցիների կողմից ԼՂՀ քաղաքացու առևանգման կապակցությամբ: Դրանում ասված է.

«Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:

Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Միջազգային իրավունքի և ԿԽՄԿ մանդատի պաշտպանության ներքո գտնվող Արցախի քաղաքացուն ապօրիանաբար արգելանքի տակ վերցնելը Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումների աղաղակող խախտում է և բացահայտ կերպով ցույց է տալիս Արցախի ժողովրդի հանդեպ ադրբեջանական կողմի մտադրությունները:

Ակնհայտ է, որ եթե Արցախի հարկադիր հպատակեցմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը, որը Բաքուն միջազգային հանրությանը ներկայացնում է որպես կարգավորման նախագիծ, իրագործվի, ապա մարդկանց առևանգումները, անօրինական բերման ենթարկումները, արտադատարանական սպանությունները, բռնի անհետացումներն ու արցախահայության իրավունքների այլ զանգվածային խախտումները համատարած բնույթ կստանան:

Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ ադրբեջանական կողմը բաց չի թողնի նրանց ապօրինի ձերբակալությունների ու կտտանքների ենթարկելու, կյանքից զրկելու կամ մարդու իրավունքները ցանկացած այլ ձևերով խախտելու հնարավորությունը: Գրեթե անհավանական է, որ արցախցիները կկարողանան գոյատևել կամ ստանալ արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում:

Ադրբեջանի հենց այդ անմարդկային քաղաքականության զոհ են դարձել Արցախի 38 խաղաղ բնակիչներ, որոնք ընկել են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի ժամանակ: Նրանք բոլորը ենթարկվել են կտտանքների և դաժանաբար սպանվել:

Արցախի Հանրապետության ևս 3 խաղաղ բնակիչ, ինչպես նաև 3 ոստիկան և 21 զինծառայող ադրբեջանցիների կողմից սպանվել են պատերազմից և 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Ադրբեջանի՝ Արցախի բնակիչների իրավունքների լայնածավալ և համակարգված խախտումների պետական քաղաքականության այս հերթական օրինակը Լաչինի միջանցքում ապօրինի հսկիչ անցակետի տեղադրման ուղղակի հետևանքն է, որը դարձել է արցախահայերի ահաբեկմանը, նրանց իրավունքների խախտմանը և արժանապատվության ոտնահարմանը միտված քաղաքականության գործիք, ինչպես նաև արդարացում նոր հանցագործությունների կատարման համար:

Արցախի ժողովրդին շուրջ 8 ամիս սովի և այլ զրկանքների ենթարկելով, կանխամտածված և կամայական կերպով նրանց զրկելով մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից՝ ադրբեջանական կողմը հիմա էլ անցել է խոցելի վիճակում գտնվող Արցախի քաղաքացիների անհատական մակարդակով հետապնդմանը:

Ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից, պահանջում ենք ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն, վերջ տալու Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ինչպես նաև կանխելու այդ հանցագործությունների փոխակերպումը ցեղասպանության հանցագործության:

Անհրաժեշտ ենք համարում ներգրավված բոլոր դերակատարների ջանքերի համախմբումը՝ շրջափակման լիակատար և անվերապահ դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային երկարաժամկետ մեխանիզմի ներդրման համար:

Պնդում ենք, որ Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող և գրեթե 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում