ԼԼիլիթ Ասատրյան

Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը

Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը

Հուլիսի 25-ին Մոսկվայում կայացել են եռակողմ և առանձին` երկկողմ բանակցություններ` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի միջև: ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները կենտրոնացել են ԼՂ շուրջ իրավիճակի լիցքաթափման և ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ղեկավարների` 2020, 2021, 2022 թթ. համատեղ հայտարարությունների դրույթներին համահունչ` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացին ուղղված համատեղ ջանքերի վերլուծության վրա:

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման և ԼՂ բնակչության բնականոն կյանքի վերականգնման անհրաժեշտությունը: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են եռակողմ հայտարարությունների բոլոր ուղղություններով աշխատանքի ակտիվացման կարևորությունը` ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը, ինչպես նաև հասարակական ակտիվիստների ու փորձագետների միջև շփումներն ու խորհրդարանականների երկխոսության մեկնարկը:

Հատուկ ուշադրություն է հատկացվել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեմային` շեշտը դնելով դեռևս առկա տարաձայնությունների հաղթահարման վրա:

Լավրով-Բայրամով հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հիմնական հարցերը, նախարարները կողմ են արտահայտվել տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի շրջանակներում փոխգործակցության վերականգնմանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերլուծվել են հայ-ռուսական օրակարգի առավել արդիական թեմաները, այդ թվում` տնտեսական և հումանիտար ուղղություններով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ գործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միությունների` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում