ԼԼիլիթ Ասատրյան

Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը. ՍԴ նախագահի ուղերձը

Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը. ՍԴ նախագահի ուղերձը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դրանում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Արդեն 28 տարի է, ինչ հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր:

Ջերմորեն շնորհավորելով Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ՝ հարկ եմ համարում վերստին փաստել, որ պետության համար բացարձակ արժեքներ հանդիսացող պետական խորհրդանիշների նշանակության գիտակցումն ու պատշաճ արժևորումը կենսական կարևորություն ունեն երկրի և ժողովրդի ներկայի ու ապագայի համար: Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի անսասան անկյունաքարն է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։

Հավասար իրավունքներն ու հնարավորություններն են պայմանավորում այն սահմանադրական արժեբանությունը և փիլիսոփայությունը, որոնց պաշտպանության պարտականությունը կրում է պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմին իր ամենօրյա աշխատանքն իրականացնելիս։

Սահմանադրությունը ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության ու լիազորությունների առաջնային աղբյուր և զսպումների ու հակակշիռների համակարգ է, այլ նաև ուղեցույց, որով հնարավոր է հասնել Սահմանադրությամբ հռչակված նպատակներին:

Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ արժեքներ, որոնք պահանջում են մշտական հոգածություն, քաղաքացիական համախմբվածություն և զգոնություն՝ հաշվի առնելով այն բարդ միջազգային զարգացումները, որոնցով անցել և անցնում է մեր հանրապետությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հուլիսի 5-ի խորհուրդն ավելի ընդգրկուն է. այս օրը, ինչպես պետական իշխանության գերագույն մարմինները, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, քաղաքական հայացքներից և զբաղեցրած հասարակական դիրքից, պետք է վերահաստատի իր անվարան հանձնառությունը և նվիրումը՝ սրբորեն պահպանելու պետական խորհրդանիշները և Սահմանադրությունը, գործելու արժեքային որոշակի տրամաբանության շրջանակներում, որոնց վրա էլ հենվում է մեր ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում