ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան առիթով: Դրանում ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք մեր ավագ ընկեր, գաղափարակից և գործընկեր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 72-ամյա Վիգեն Խաչատրյանի կյանքը փրկել չի հաջողվել, նա հանկարծամահ է եղել։
Ազգային ժողովի և իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին»։
Վիգեն Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի, 1995-1999թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր էր ընտրվել 2021 թվականին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցավակցական ուղերձում նշված է.
«Այսօր` 72 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը:
Կիսելով կորստյան ծանր վիշտը` մեր զորակցությունն ենք հայտնում Վիգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:
Հայաստանի անկախությունից ի վեր Վիգեն Խաչատրյանն իր անուրանալի դերն ուներ Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական կյանքում»:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորը ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին:
Վիգեն Խաչատրյանը Հայաստանի անկախացումից ի վեր ակտիվորեն զբաղվել է հասարակական, քաղաքական գործունեությամբ: Նա քաղաքացու և քաղաքական գործչի օրինակելի կերպար էր՝ համարձակ բայց և զուսպ բնավորությամբ, անձնվեր հայրենասիրությամբ ու քաղաքական բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ:
Անուրանալի է Վիգեն Խաչատրյանի ավանդը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում:
Խորապես ցավակցում եմ Վիգեն Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»:










