ԼԼիլիթ Ասատրյան

Համագործակցության խորացման խթանիչ քայլ կարող է լինել ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը. Հակոբ Արշակյան

Համագործակցության խորացման խթանիչ քայլ կարող է լինել ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը. Հակոբ Արշակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին: 
  
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Գասպարյանը: 


  
«Ողջունելի է ձեր այցը Հայաստան՝ հատկապես հաշվի առնելով մեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը: «Միջանցքը շարունակում է մնալ արգելափակված, և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու Եվրոպայի խորհրդի կոչերը չեն իրագործվում Ադրբեջանի կողմից»,- նշել է ԱԺ փոխնախագահը: 
  
Հակոբ Արշակյանը բարձրաձայնել է նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց հարցը: ԱԺ փոխնախագահի խոսքով Ադրբեջանը չի դադարեցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, ագրեսիվ հռետորաբանությունը: 
  
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ բանաձևերի, զեկույցների, հայտարարությունների ընդունման գործում ձեր ունեցած դերակատարության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունները բազմաշերտ են, համագործակցության շրջանակը տպավորիչ է: Այն ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և ներդրումային ծրագրերից բխող նախաձեռնությունների կյանքի կոչումը: ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը»: 
  
«Չնայած վերջին տարիներին բոլորիս առջև ծառացած մարտահրավերներին` մեզ հաջողվել է ապահովել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` ստորագրելով մի շարք համաձայնագրեր ավիացիայի, միգրացիայի և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը և հավելել` դրանք պետք է կյանքի կոչվեն:

ԱԺ փոխնախագահը կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշումը և ընդգծել, որ այն մեծ ներդրում կարող է ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում:

Հակոբ Արշակյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման, Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացման տեսանկյունից խթանիչ քայլ կարող է լինել Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Առաջին անգամ Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մեր երկիր հրավերի համար: Հյուրը և կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով ԼՂ-ում առկա իրավիճակին` Բերտ-Յան Ռուիսենը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման անտեսումը:

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ թիրախային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Բերտ-Յան Ռուիսենը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման հարցում միջազգային տարբեր ձևաչափերով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում