Պայթեցվել է Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը․ Ռուսաստանն ու Ուկրաինան իրար են մեղադրում

Պայթեցվել է Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը․ Ռուսաստանն ու Ուկրաինան իրար են մեղադրում

Այս գիշեր պայթեցվել է Խերսոնի շրջանի Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ Տեղական իշխանությունները հաստատել են, որ պայթյունի հետևանքով Դնեպրից ջուրը անվերահսկելիորեն հոսում է դեպի մոտակա բնակավայրեր: 

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը զգուշացրել է, որ հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման պատճառով մոտ 80 բնակավայրի հեղեղման վտանգ կա: Այն շրջաններից, որտեղ ջրհեղեղներ են սկսվել, հայտարարվել է տեղի բնակչության տարհանում։

Նշվում է, որ ամբարտակի ոչնչացումը կբացառի նաև առաջիկա տարիներին Ղրիմ ջուր մատակարարելու հնարավորությունը, ինչպես նաև կվտանգի Զապորոժիեի ատոմակայանի ռեակտորների սառեցումը: Մասամբ ռուսական վերահսկողության տակ գտնվող Խերսոնի շրջանային իշխանությունները հայտնել են, որ հիդրոէլեկտրակայանի վերանորոգումն այժմ անհնար է։ Նոր Կախովկայի ղեկավարը տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են գնդակոծել շրջանը, իսկ ջրի մակարդակը բնակավայրում բարձրանում է։

Պայթյունի համար Ռուսաստանն ու Ուկրաինան իրար են մեղադրում: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմի գործողություններն ապացուցում են, որ ռուսական ուժերը ուկրաինական հողերի ամեն մետրն օգտագործում են ահաբեկչության համար։ Զելենսկու խոսքով՝ դա հնարավոր է կանխել միայն Ռուսաստանին Ուկրաինայից վռնդելով:

Ուկրաինական զորքերի «Հարավ» խմբավորման օպերատիվ հրամանատարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ռուսական ուժերը թիրախավորել են հիդրոէլեկտրակայանը՝ խափանելու ուկրաինական հակահարձակումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում