Ֆրանսիան հեռահար հրթիռներ կտրամադրի Ուկրաինային
ՊԱՏԵԼԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրուցի ժամանակ անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:
«Ես որևէ լրացուցիչ գնահատական չունեմ: Ակնհայտորեն, ԱՄՆ-ը այս բանակցությունների մաս չի եղել, բայց, որպես Արլինգթոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք հավատում ենք, որ այս քայլերը կարևոր առաջընթաց են, քանի որ կարծում ենք, որ երկու երկրի միջև հնարավոր է կայուն խաղաղության հասնել»,- ասել է Պատելը:
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԲՈՐԵԼԸ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎԸ
Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ոլորտում համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում առկա իրավիճակին։
Հանդիպումից հետո Բորելը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ մտքերի արդյունավետ փոխանակում է եղել: «Ես ողջունել եմ Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումների վերսկսումը»,- նշել է դիվանագետը՝ հավելելով՝ «Մենք քննարկել ենք դրանց արդյունքներն ու հետագա անելիքները, ինչպես նաև մտքեր փոխանակել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ։ ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում»։
ԲԱՔՈՒՆ ՎԻԿՏՈՐԻՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բաքուն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անընդունելի է համարել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ:
«Որևէ մեկը չպետք է խոչընդոտի ադրբեջանական կողմի ջանքերին՝ երկխոսելու հայ բնակչության հետ, և պետք է վերջ տրվի մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- նշել է Հաջիզադեն:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկու քաղաքացու: Նրանք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու համար: Հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր ձերբակալվածներից մեկը կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչական դիվերսիա իրականացնելու համար: Ըստ ադրբեջանական կողմի՝ նա ապրել է երրորդ երկրի տարածքում և կատարել հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքները: Ձերբակալված անձանց հոգու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Ադրբեջանում 7 քաղաքացի էլ ձերբակալվել է Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով: Իրավապահ մարմինների տարածած համատեղ հայտարարության համաձայն՝ հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի տարածքում ստեղծել շարիաթի օրենքներով գործող «Քերիմե» պետությունը:
Ձերբակալվածները մեղադրվում են երկրում զինված անկարգությունների միջոցով իշխանությունը զավթելու և բռնի կերպով սահմանադրական կարգը փոխելու փորձի, պաշտոնյայի դեմ մահափորձեր կատարելու համար:
ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հեռուստատեսություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն կմատակարարի, այդ թվում՝ հեռահար հրթիռներ, որոնք Կիևևին հնարավորություն կտան հակահարձակում սկսել: Մակրոնը շեշտել է նաև, որ Փարիզը պատրաստ է վերապատրաստել ուկրաինացի օդաչուներին, և ուսումնական ծրագրերը կարող են սկսվել անմիջապես։
Ուկրաինային ռազմական ինքնաթիրռներ մատակարարելու մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ Զելենսկու հետ հանդիպման ընթացքում այդ հարցը չի քննարկվել: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան Ուկրաինային այնպիսի զենք չի մատակարարում, որը թույլ կտա հարձակվել Ռուսաստանի վրա:
«Ֆրանսիայի ռազմավարությունը պարզ է. շարունակել օգնել Ուկրաինային գոյատևել, և երբ ժամանակը գա, աջակցել բոլոր կողմերին՝ վերադառնալ բանակցությունների սեղան՝ կայուն խաղաղություն կառուցելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Ավելի վաղ Կիևին հեռահար հրթիռներ էր փոխանցել նաև Մեծ Բրիտանիան: Ուկրաինական կողմն արդեն սկսել է դրանց կիրառումը:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔԵՐ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպա կատարած այցից վերադառնալիս հայտարարել է, որ վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով և խաղաղության բանաձևի աջակցությամբ։ Ուկրաինայի նախագահը վերջին օրերին այցելել է Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա։ Նրա խոսքով՝ եվրոպական կառավարությունները խոստացել են ժամանակակից և հզոր զենքեր: Բացի դրանից՝ «Մեծ յոթնյակի» և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից առաջ կայացած հանդիպումներում դիրքորոշումները համաձայնեցվել են, քննարկվել են նաև Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացները։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին ռազմական աջակցության համար։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐ ՈՒՂԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անիմաստ կլինի խոսել Ուկրաինայի՝ դաշինքին միանալու մասին, եթե երկիրը չկարողանա հաղթել պատերազմում որպես ինքնիշխան, անկախ պետություն։ Նրա խոսքով՝ հուլիսին կայանալիք գագաթնաժողովի հանդիպմանը ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային աջակցելու հստակ ուղերձներ կունենան:
«Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կասեն, որ Ուկրաինան դաշինքի անդամ կդառնա։ Սա բազմիցս ասվել է։ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու իր ուղին: Մոսկվան չի որոշում, թե ինչ կարող է անել Ուկրաինան, այլ Ուկրաինան է որոշում»,- նշել է Ենս Ստոլտենբերգը Կոպենհագենում Ժողովրդավարության գագաթնաժողովում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնել, որ գագաթնաժողովում կպայմանավորվեն Ուկրաինայի համար բազմամյա ծրագրի մշակման շուրջ, որը կօգնի երկրին խորհրդային ժամանակաշրջանի չափանիշներից անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և սարքավորումներին։









