ԱԱրսեն Մկրտչյան

Ադրբեջանը չի դադարում ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. Հակոբ Արշակյանը՝ Սիրիայի դեսպանին

Ադրբեջանը չի դադարում ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ. Հակոբ Արշակյանը՝ Սիրիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների և ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ. Սիրիայի վերաբերմունքը որոշիչ դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունից փրկված հայերին աջակցելու հարցում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Նորա Արիսյանի ջանքերը, որոնց շնորհիվ Սիրիայի դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման:

ԱԺ փոխխոսնակը ևս մեկ անգամ աջակցության և կարեկցանքի խոսքեր է ուղղել դեսպանին և վերջին ավերիչ երկրաշարժից հետո ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին:

Հակոբ Արշակյանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության մասին, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակից ու հավելել, որ նման քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ադրբեջանը չի դադարում մաքսիմալիստական, ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Ալիևն արդեն իսկ սկսել է հնչեցնել տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Նման քաղաքականության դրսևորումն են ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գործողությունները»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալն ու մանրամասնել Սյունիքի Տեղ համայնքում Ադրբեջանի հերթական ագրեսիան:

«Պետք է փաստել, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին դժվարին պահերին մշտապես Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին լինելու և օժանդակելու համար: Այս համատեքստում նա ընդգծել է վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության աջակցությունը: Նրա գնահատմամբ՝ անցած 30 տարիների ընթացքում հայ-սիրիական հարաբերություններն ակտիվ զարգացել են թե՛ խորհրդարանական, թե՛ միջազգային հարթակներում աշխատանքի տեսանկյունից: Հակոբ Արշակյանի խնդրանքով՝ դեսպանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմական Սիրիայում տիրող իրավիճակի ու խնդիրների մասին:

Ռուստամ Բաքոյանը խոսել է 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների իրավունքների պաշտպանությունից, այս հարցում կարևորել Սիրիայի կառավարության աջակցությունը:

Ալխաս Ղազարյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Կողմերն ընդգծել են, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է օրենսդիր մարմինների գործունեությունը, պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում