Երկրաշարժերի հետևանքով Թուրքիան կրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս. ՄԱԿ

ԴԴիանա Գասպարյան

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՏԵԼ Է 46 000-Ը. ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 46.000-ը, հայտնել է Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են առաջիկա երկու ամսվա ընթացքում վերականգնել աղետից ավերված շրջանները և կառուցել 244.000 շենք և 75.000 գյուղական տուն: Էրդողանը հավելել է, որ 22 հազար կացարանի շինարարությունն արդեն սկսվել է։

Մինչ այդ լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, փետրվարի 6-ից ի վեր ընդհանուր առմամբ արձանագրվել է ավելի քան 13.750 հետցնցում։

ՄԱԿ-ի տվյալով՝ Թուրքիային երկրաշարժի հասցրած տնտեսական վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար։

ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքը մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում որպես միասնական թեկնածու կառաջադրի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին:

Նրա թեկնածությանը դեմ հանդես եկող «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, որը նախորդ շաբաթ հակասությունների պատճառով հայտարարել էր դաշինքից հեռանալու մասին, վերադարձել է: Տարաձայնությունների հաղթահարմանը նպաստել է որոշումը, որի համաձայն՝ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը նշանակվելու են փոխնախագահների պաշտոններում:

ԲԱԽՎԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ 2 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ

Հռոմի մերձակայքում բախվել են Իտալիայի ռազմաօդային ուժերի ուսումնական երկու ինքնաթիռ, հայտնում են իտալական լրատվամիջոցները: Երկու օդաչուներն էլ զոհվել են:
Ինքնաթիռներից մեկն ընկել է բնակելի շինության տանիքին, ապա բախվել մոտակայքում կայանված մեքենային, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկրորդն ընկել է դաշտում՝ բախման վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՀԱԼԵՊԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՆ

Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին՝ հաղորդում են սիրիական լրատվամիջոցները: Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ երկրաշարժից հետո երկիր մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավերի երթուղին փոխվում է՝ դրանք վայրէջք են կատարելու Դամասկոսի և Լաթաքիայի օդանավակայաններում։

Իսրայելի իշխանությունները և պաշտպանության բանակն առայժմ որևէ հայտարարություն չեն արել հրթիռակոծության առնչությամբ:

ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ֆրանսիայի ավելի քան 300 քաղաքում, այդ թվում՝ Փարիզում, շարունակվում են հակակառավարական ցույցերը և գործադուլները: Հազարավոր քաղաքացիներ, մասնավորապես երկաթուղու աշխատակիցները և մանկավարժները, իրենց բողոքն են արտահայտում կենսաթոշակային համակարգի փոփոխությունների դեմ, որոնց համաձայն` 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից:

Ցուցարարներն արգելափակել են դեպոները, մայրուղիները, նավթավերամշակման գործարանները, բուհերը, խաթարվել է էլեկտրամատակարարումը: Լրատվամիջոցների տվյալով՝ անկարգություններ են տեղի ունեցել։ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Ավելի վաղ՝ Ֆրանսիայի վարչապետը հույս է հայտնել, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ամռանը: Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ իշխանություններն ուսումնասիրում են որոշ կատեգորիաների աշխատողների՝ 63 տարեկանում թոշակի անցնելու հնարավորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում