ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կարող է հակաարդյունավետ լինել. Լավրով

Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կարող է հակաարդյունավետ լինել. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում անդրադարձել է ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի գործունեությանը:

«Մենք ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում ունենք համատեղ արտաքին քաղաքական գործունեության ծրագրեր, որոնք արտահայտված են համատեղ հայտարարությունների նախագծերում։ Համաձայնության գալը երբեմն դժվար է լինում նաև այն պատճառով, որ ՀԱՊԿ երկրները խնդիրներ ունեն, որոնք ծագում են Արևմուտքի հետ հարաբերություններում՝ Արևմուտքի ճնշման ներքո։ Նրանք նաև որոշակի տնտեսական դժվարություններ են ունենում, եթե Արևմուտքը որոշում է ինչ-որ կերպ վնասել նրանց:

Լինում են դեպքեր, երբ միջազգային ասպարեզում Ռուսաստանն ու Բելառուսը կամ ՀԱՊԿ մեկ այլ երկիր համերաշխ են քվեարկում, իսկ ինչ-որ մեկը ձեռնպահ է մնում։ Այսպես լինում է, սակայն մենք, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, չունենք մահակային կարգապահություն»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ դժվարություններ կան՝ կապված Հայաստանում տիրող իրավիճակի հետ: «Մեր հայ ընկերները առաջ քաշեցին Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ այնտեղ որոշակի կայունություն ապահովելու համար: Երևանյան գագաթնաժողովում մենք համաձայնեցրինք համապատասխան փաստաթուղթ այս առաքելության պարամետրերի վերաբերյալ, բայց հնարավոր չեղավ այն ընդունել, քանի որ մեր հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթուղթը պարունակի Ադրբեջանի գործողությունների խիստ դատապարտում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ըստ նրա՝ եթե խոսքը դատապարտման, հռետորաբանության մասին է, ապա այդ հարցում յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ «Բայց եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա, ըստ երևույթին, դա պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-որ արտաքին հատկանիշներով, ինչ-որ հայտարարություններով, առավել ևս՝ խիստ»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ դեռ պատրաստ են ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը իր բացասական վերաբերմունքն է արտահայտել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կապակցությամբ: 

«Չնայած մենք դաշնակիցներ ենք, և չնայած այս առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքներով տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն։ Սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է։ Եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի հետ համաձայնության, այն կարող է հակաարդյունավետ լինել։ Պետք է մոտենալ ստեղծագործաբար՝ հասկանալով խնդիրների ողջ բարդությունը, որոնք ծագում են մեր յուրաքանչյուր պետության զարգացման շրջանակներում»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ այդ դեպքում ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների հետ կապված որևէ տարաձայնություն չի լինի: 

Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ պետք է անկեղծ և ազնիվ խոսակցություն, պետք է բացահայտորեն ներկայացնել ցանկացած մտահոգություն և ցանկացած դժվարություն, որն ունի այս կամ այն երկիրը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում