Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տարբերվում են։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռուսական առաջարկների հիման վրա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին:
«Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը՝ հենվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022թ. հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացում»,- ասել է Զախարովան։
Նա անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը, նշել՝ «Հայաստանի ղեկավարությունը վերջին պահին չեղյալ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական կարգավորման այլ հրատապ հարցեր, ներառյալ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը»։
«Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։










