ՎՎարդուհի Հարությունյան

Ուզբեկստանը մտադիր չէ Ռուսաստանի և Ղազախստանի հետ «գազային միություն» ձևավորել. Reuters

Ուզբեկստանը մտադիր չէ Ռուսաստանի և Ղազախստանի հետ «գազային միություն» ձևավորել. Reuters

Տաշքենդը պատրաստ է գազային կոմերցիոն պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ, սակայն մտադիր չէ «գազային միության» մաս դառնալ՝ գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ուզբեկստանի իշխանություններին։

Ավելի վաղ Ռուսաստան-Եվրամիություն էներգետիկ ճգնաժամի ֆոնին պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ քննարկում է Ղազախստանի և Ուզբեկստանի հետ գազային միություն ստեղծելու հնարավորությունը՝ նպաստելու այդ երկրների և այլ հետաքրքրված պետությունների, այդ թվում՝ Չինաստանի միջև գազի փոխադրումներին:

Ուզբեկստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Ժորաբեկ Միրզամախմուդովի խոսքով՝ գազի ներքին սպառումն ապահովելու հարցով երկիրը բանակցում է հարևան պետությունների հետ, սակայն Ուզբեկստանը գազի դիմաց քաղաքական դիրքորոշում չի փոխի և չի վտանգի իր ազգային շահերը:

Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն էլ հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Մոսկվայի առաջարկած «գազային միության» մասին: «Ղազախստանի սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է. Աստանան թույլ չի տա իր տարածքն օգտագործել եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է Վասիլենկոն։

Կրեմլն արձագանքել է Reuters-ի հոդվածին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Ուզբեկստանը հրաժարվել է «գազային եռակողմ միություն» ստեղծելու գաղափարից։ Նա նշել է, որ գործակալությունը սխալ է մեկնաբանել Ուզբեկստանի փոխվարչապետի խոսքերը:

«Մենք գիտենք՝ ինչ է ասվել: Գազի դիմաց քաղաքական պայմանների մասին քննարկումներ չեն արվում: Խոսքը կոմերցիոն նպատակներով կոմերցիոն գործողությունների համակարգման մասին է»,- մանրամասնել է Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում