ԼԼիլիթ Ասատրյան

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն անդրադարձել են անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդների դերին

ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն անդրադարձել են անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդների դերին

ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին հյուրընկալվել են ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները: ԵԱՀԿ ԽՎ երիտասարդների ցանցը նորաստեղծ է, ձևավորվել է այս տարվա սկզբին: Սա պատվիրակների չորրորդ նիստն է, որն անցկացվում է մեր երկրում:

Հայաստանն աշխարհում Նորվեգիայից հետո երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանն ունի: ԵԱՀԿ ԽՎ-ում ևս Հայաստանի պատվիրակությունն ամենաերիտասարդն է, ինչը պայմանավորված է մեր խորհրդարանում երիտասարդների ներկայացվածությամբ:

«Մենք՝ որպես խորհրդարանականներ, մեր առջև խնդիր ենք դրել այդ հատկանիշը վերածել առավելության և այս ցանցի միջոցով կապ հաստատել այլ երկրների երիտասարդ խորհրդարանականների հետ, որպես քաղաքական գործիչներ և երիտասարդ խորհրդարանականներ՝ տեսնել, թե ինչպիսի ընդհանրություններ ունենք, և ինչպես կարող ենք դրանք ծառայեցնել մեր համատեղ նպատակներին»,-ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո կայացած նիստում երիտասարդ պատգամավորներին տեսակապի միջոցով ողջունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտը: Նա վերահաստատել է, որ նման ձևաչափի հանդիպումները միայն խթանում են միջխորհրդարանական հարաբերությունները: ԵԱՀԿ ԽՎ նախագահի համոզմամբ բացի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարթակից, անհրաժեշտ է օգտագործել նաև այլ միջազգային հարթակներ՝ տարբեր տարածաշրջաններում առկա անվտանգային հարցերը քննարկելու, ժողովրդավարական արժեքների դերն ընդգծելու, կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով:

Վեհաժողովի նախագահը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կնպաստեն, որ ԽՎ անդամ երկրների երիտասարդ պատգամավորներն առավել ներգրավված լինեն տարբեր նախաձեռնություններում:

Այնուհետև նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Մարիա Կարապետյանը ժողովրդավարության և անվտանգության մարտահրավերներին անդրադարձել է և տարածաշրջանային, և մեր երկրի  խնդիրների տեսանկյունից: «Երբեմն մեր հանրությանը փորձ է արվում համոզել, որ ժողովրդավարությունը և անվտանգությունը հակասում են միմյանց, որ մենք սխալվել ենք ժողովրդավարական ընտրություն կատարելով: Ես հակառակ կարծիքն ունեմ: Մենք չէինք ունենա այն անվտանգային խնդիրները, որոնք ունենք, եթե, հիրավի, անկախությունից ի վեր ընտրած լինեինք ժողովրդավարության ճանապարհը՝ ինստիտուտներ կառուցելով և ապահովելով ժողովրդավարական բոլոր գործընթացները»,-նման կարծիք է հայտնել երիտասարդ խորհրդարանականը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը երկարաժակետ ապահովում է երկրների ներքին դիմակայանությունը, ժողովրդավար հանրությունները, առհասարակ, ավելի պաշտպանված են՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին մարտահրավերների տեսանկյունից: Մարիա Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանի համար կարևոր է շարունակաբար ընտրել ժողովրդավարությունը՝ որպես ներքին կառավարման միջոց, որը երկարաժամկետ ապահովելու է մեր երկրի խաղաղ գոյակցությունն այս տարածաշրջանում:

Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ տարածաշրջանում ընթացիկ անվտանգային սպառնալիքների զսպման գործընթացում երիտասարդ քաղաքական գործիչների և խորհրդարանականների դերակատարությանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով այսօր, առավել քան երբևէ, կարևոր է երիտասարդների դերակատարությունը, նաև՝ որոշումների կայացման գործընթացում: Ըստ պատգամավորի՝ մեր երկրում ակտիվ են երիտասարդ քաղաքական գործիչները, և այս առումով կարևոր է համագործակցությունն այլ պետությունների պատգամավորների հետ, քանի որ խնդիրները հաճախ նույնաբնույթ են, մարտահրավերները՝ ևս: Հռիփսիմե Գրիգորյանն արժևորել է երիտասարդ խորհրդարանականների շարունակական հանդիպումները և տարբեր հարցերի շուրջ նման քննարկումները, որոնք կարող են վերոնշյալ խնդիրների լուծման արդյունավետ հարթակ լինել:

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ևս կարևորել է այս ձևաչափում անվտանգային խնդիրների քննարկումը՝ ընդգծելով՝ ԵԱՀԿ տարածաշրջանն անվտանգային մարտահրավերների առջև է:

Այնուհետև հանդիպում է եղել Հայաստանում երիտասարդական հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց գործունեությամբ փորձում են նպաստել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Սարգիս Խանդանյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը երիտասարդ քաղաքական գործիչների կայացման հարցում:

Քննարկվել են երիտասարդների դերի բարձրացման և քաղաքական գործընթացներին վերջիններիս մասնակցության խթանմանն ուղղված հարցերը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանական գործընկերների հետ միջազգային համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում