ԼԼիլիթ Ասատրյան

Առկա են բոլոր նախադրյալները 2023 թ. պետբյուջեով նախատեսված խնդիրները լուծելու համար. Գևորգ Պապոյան

Առկա են բոլոր նախադրյալները 2023 թ. պետբյուջեով նախատեսված խնդիրները լուծելու համար. Գևորգ Պապոյան

2023 թ. բյուջեի եկամուտները կազմելու են 2 տրիլիոն 364 միլիարդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 652 միլիարդ դրամ, դեֆիցիտը կկազմի 288 միլիարդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագիծը պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի համար, որոնք կիրականացվեն 2023 թ.՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: 548 միլիարդ դրամ են կազմում կապիտալ ծախսերը. 2023 թ. 1.5 տոկոսային կետով կգերազանցվի ընթացիկ տարվա ցուցանիշը:

Պաշտպանության բնագավառի ծախսը 2022 թ. համեմատ ավելի է 35 տոկոսով, սոցիալական ոլորտը՝ 10 տոկոսով, կրթության բնագավառը՝ 12 տոկոսով, առողջապահությունը՝ 4 տոկոսով, որը ՀՆԱ-ի 1.6 տոկոսն է:

2023 թ. համար որպես հիմնական նպատակադրում սահմանվել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը:

2022 թ. կամփոփվի 11-12 տոկոս տնտեսական աճով: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2023 թ. համար կանխատեսվել է 23.5 տոկոս, 2022 թ. համար՝ 23.2 տոկոս: Ընթացիկ տարվա ինն ամիսներին արձանագրվել է 14 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Վերջին մակրոտնտեսական զարգացումները և դրամի արժևորումը նպաստել են, որ 2022 թ. արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի հարաբերակցության զգալի բարելավում:

2021 թ. տվյալներով Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60,2 տոկոս. ընթացիկ տարվա արդյունքներով կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով Կառավարության պարտքն ավելի կառավարելի ու անվտանգ միջակայքում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսվում է գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը: 2023 թ. նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին Կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում: Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2023 թ. պարտքի տեսակարար կշիռը կնվազի:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով գնաճին, նշել է, որ միջազգային համադրելի տվյալներով Վրաստանում ներկա դրությամբ այն կազմում է 10.6 տոկոս, եվրագոտու երկրներում՝ 10.7, Ղազախստանում՝ 18.8, սեպտեմբերի տվյալներով ՌԴ-ում 13.7 տոկոս է, Բելառուսում՝ 17.4, Մոլդովայում՝ 34, ԱՄՆ-ում՝ 8.2:

Հայաստանում 9.5 տոկոս է կազմում, ինչը, ըստ ԿԲ նախագահի, բարձր է: Մարտին Գալստյանը փաստել է, որ իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսված թիրախին՝ 4 տոկոս գնաճին, Կենտրոնական դրամատունը կհասնի եկող տարվա 3-րդ եռամսյակում:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ 2023 թ. բյուջեն արձագանքում է բոլոր մարտահրավերներին: Նա կարևորել է պաշտպանական ծախսերի 47 տոկոս ավելացումը: Նշվել է, որ այս տարվա սեպտեմբերից արդեն իսկ ավելացել են կենսաթոշակները: 2023 թ. միջին կենսաթոշակը կկազմի շուրջ 50 հազար դրամ, բազային աշխատավարձը՝ 83 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 75 հազար դրամ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ կարևոր արձանագրում է բյուջետային աշխատողների աշխատավարձի 25 տոկոսով բարձրացումը:

«Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը կարևոր քայլ է տնտեսության զարգացման տեսանկյունից»,-ասել է Գևորգ Պապոյանը:

Շեշտվել է նաև կապիտալ ծախսերի ավելացումը, որը հիմնականում ուղղված է մարզերի զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահը կարևոր է համարել նաև կրթության ոլորտի բարեփոխումները. հատկապես ընդգծվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը:

Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ արդեն Կառավարություն են ուղարկվել 2023 թ. պետական բյուջեի վերաբերյալ առաջարկներ: Ըստ նրա՝ բոլոր նախադրյալները կան 2023 թ. նպատակադրված խնդիրների լուծման ուղղությամբ:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի արտահերթ նիստում ամփոփել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում