ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ-ն կշարունակի բոլոր անհրաժեշտ օգնությունը տրամադրել Երևանին և Բաքվին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման. Զախարովա

ՌԴ-ն կշարունակի բոլոր անհրաժեշտ օգնությունը տրամադրել Երևանին և Բաքվին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման. Զախարովա

Նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կողմից եռակողմ  հայտարարության ընդունման 2 տարին։

«Այս քայլը հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետ կատարում է իրեն վերապահված խնդիրները՝ զգալի ներդրում ունենալով իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Սա գնահատում են մեր հայ և ադրբեջանցի ընկերները։

Ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք դրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացի մեկնարկին»,- ասել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով՝ փոխվարչապետների գլխավորությամբ մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք կոնկրետ նախագծերի արագ իրականացման ուղղությամբ՝ բացահայտելու Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժը»,- շեշտել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշման համաձայն՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ սկսել են աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրա հետագա սահմանագծման հարցերով հանձնաժողովները։

«Այս մեխանիզմի գործունեությունը հույժ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման տեսանկյունից։ Խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցով իրականացվում է սերտ համակարգում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։

Մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում այս երկու երկրի ժողովուրդների միջև վստահության ձևավորման ուղղությամբ՝ զարգացնելով հասարակության, փորձագիտական ​​շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսությունը:

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Երևանին և Բաքվին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում