ԼԼիլիթ Ասատրյան

Խորհրդարանականները հանդիպել են Շվեդիայի դեսպանի ու Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի հետ

Խորհրդարանականները հանդիպել են Շվեդիայի դեսպանի ու Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի հետ

Շվեդիան ժողովրդավար երկիր է, որին, որպես օրինակ, հետևում է Հայաստանը: Բացառիկ է Հայաստան-Շվեդիա և Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի գործունեությունը: Մասնավորապես, 2022 թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան դատապարտող երկու հայտարարություններ են եղել բարեկամական խմբերի կողմից. ասել է Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի և Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետի հետ նոյեմբերի 7-ին կայացած  հանդիպման ընթացքում:

Հռիփսիմե Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին և Արին Կարապետին Շվեդիայում կայացած ժողովրդավարական ընտրությունների և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ:

Նա կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Պատրիկ Սվենսոնը նշել է, որ երկու երկրների համագործակցությունն առաջընթաց է արձանագրել: Նա հույս է հայտնել, որ Շվեդիայի ձևավորված նոր կառավարությունը կշարունակի փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով մի շարք ծրագրեր: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները:

Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար: Հայազգի պատգամավորը պատրաստակամ է աջակցելու երկկողմ հարաբերությունների և համագործակցության սերտացմանը՝ տարբեր համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարևորել է երկու ժողովրդավար պետությունների՝ Հայաստանի և Շվեդիայի համագործակցությունը: Նշելով, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար անվտանգային բաղադրիչ է՝ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ չափազանց կարևոր են Հայաստանում ժողովրդավար ինստիտուտների կայացումն ու առողջացումը: Նրա կարծիքով խորհրդարանները կարող են ավելի ճկուն և ուղիղ համագործակցել միմյանց հետ՝ լուծելով բազմաթիվ հարցեր:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ներկայացրել է տեղեկություններ Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորն անընդունելի է համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կարևորել միջազգային հասցեական արձագանքն այդ հարցում: Զեմֆիրա Միրզոևան նշել է, որ ասորական համայնքի ներկայացուցիչն է Հայաստանի խորհրդարանում:

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը կարևորել է ԵՄ դերը տարածաշրջանում անվտանգություն ապահովելու և խաղաղություն հաստատելու գործում:

Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարները:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում