ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագիրը կլինի նրանց կողմից փոխզիջման արդյունք․ Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագիրը կլինի նրանց կողմից փոխզիջման արդյունք․ Պուտին

ՌԴ-ն միշտ ողջունել է հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Պրահայում առանց ՌԴ մասնակցության տեղի ունեցած հանդիպմանը:

«Մենք սատարում ենք ցանկացած ջանք, որն ուղղված է լարվածության թուլացմանն ու խնդրի կարգավորմանը»,- նշեց նա:

Անդրադառնալով այն հարցերին, որոնց շուրջ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, Պուտինը նշեց.

«Կարելի՞ է դրանց մասին խոսել, այո, կարելի է, բայց պետք չէ, քանի որ, եթե դրանք մինչ այս պահը կարգավորված չեն, պետք չէ դրանց վրա սևեռել մամուլի, հանրության ուշադրությունը, այլ պետք է փորձել հանգիստ, փակ ռեժիմով հասնել համաձայնության: Դրանք կողմերի համար շատ նուրբ, զգայուն հարցեր են, ես ինձ իրավունք չեմ վերապահում, առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու, բարձրաձայնել դրանց մասին»:

ՌԴ նախագահին հարցեր ուղղվեցին Արցախում ռուս խաղաղապահների գործունեության հեռանկարների, ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ու սահմանագծման, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ճակատագրի վերաբերյալ:

Պուտինը նշեց, որ խաղաղության պայմանագիր դեռ չկա, ուստի վաղ է խոսել փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ դա, ամենայն հավանականությամբ, փոխզիջումների առարկա է:

«Սահմանազատումն ու սահմանագծումը. սա կարևորագույն հարց է, մենք այսօր այդ մասին իրոք շատ ենք խոսել, կան որոշ նախադրյալներ` ենթադրելու, որ ընդհանուր առմամբ ուղին գտնված է, եթե դուք ուշադիր կարդաք հայտարարությունը, այնտեղ կգտնեք նախնական` եթե ոչ պայմանավորվածությունները, գոնե նախադրյալները, որ այդպիսի պայմանավորվածությունների կարելի է հասնել: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր ձեռքի տակ եղած քարտեզները, նաև խորհրդային բանակի քարտեզները, որոնք ամենից ճշգրիտն են: Մենք հասկանում ենք և պատրաստ ենք այս հիմքով, քննարկելով կողմերի հետ, առաջ շարժվել: Հասկանալի է, որ այս շփումները, խորհրդակցությունները, բանակցությունները կշարունակվեն»,- նշեց ՌԴ նախագահը:

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին հայկական կողմից ավելի վաղ հնչած հայտարարություններին՝ Վլադիմիր Պուտինը նշեց, որ այդ մասին խոսել է ՀՀ վարչապետի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է համատեղ պայմանավորվածություն։

«Բացի դրանից՝ դա կախված է այլ հարցերից, օրինակ` խաղաղության պայմանագրի կնքումից և սահմանազաման հարցից. եթե դրանք որոշվեն, խաղաղապահների հարցն այլ կերպ կդրվի»,- նշեց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում