ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի Հանրապետության սահմանները մեզ համար կարմիր գիծ են. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության սահմանները մեզ համար կարմիր գիծ են. Ալեն Սիմոնյան

ԱԺ միջանցքներում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց են ուղղել Միգրացիայի և քաղաքացիության հարցերով Ռուսաստանի Պետդումայի հատուկ ներկայացուցիչ, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքը անցանկալի լինելու մասին: 

«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություն արած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից՝ որևէ այլ երկիր կներկայացնի՞, թե՞ ոչ, Հայաստանը դրան չի կարող անտարբեր լինել, Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին՝ հաղորդելով, որ նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է:

Գրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Զատուլինի վերջին հայտարարությունները վնասում են պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Ի պատասխան լրագրողների հարցերի, որոնք վերաբերում էին Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան ցանկալի չլինելուն, ԱԺ նախագահը նշեց, որ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարություններին ծանոթ չէ:

«Բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ և մանկուրտներ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն Հայաստանի անկախության նկատմամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում տեղեկացրել էր՝ իր մուտքը Հայաստան ցանկալի չէ։  

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին:

«Արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական: Հետագայում, եթե պարզ դառնա, որ ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, մենք ուղղակի կարող է փաստի առաջ կանգնենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել: Բայց Հայաստանի իշխանություններում այսօր նման հարց չի քննարկվում: Սպասում ենք գործողությունների: Իրավիճակն այսօր ի ցույց է դնում, որ ժամանակը շատ քիչ է մնացել, որ որոշում կայացնենք, որովհետև Հայաստանի ամենանեղ հատվածը 30 կմ-ի չափ է: Մենք մեզ շատ բան չենք կարող թույլ տալ»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան` եռակողմ գագաթնաժողովի մասնակցելու: Այս մասին տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հայտնել էր՝ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում