ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունում ամփոփվել են «Սթարմուս VI» գիտության և արվեստի փառատոնի արդյունքները

Կառավարությունում ամփոփվել են «Սթարմուս VI» գիտության և արվեստի փառատոնի արդյունքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի համանախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Starmus F VI. 50 տարի Մարսի վրա» VI փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ։ Նիստում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «Սթարմուս» գիտության և արվեստի VI միջազգային փառատոնի արդյունքները։

Նիստին մասնակցել են «Սթարմուսի» միջազգային և հայաստանյան գրասենյակների, ինչպես նաև հայաստանյան պետական և մասնավոր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Սթարմուսի» խորհրդի անդամները՝ փառատոնի համահիմնադիր և տնօրեն Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ, ներկայացրել են փառատոնի հիմնական ձեռքբերումները: Մասնավորապես, նշվել է, որ կազմակերպվել է շուրջ 200 միջոցառում՝ ավելի քան 100.000 մասնակցով, անցկացվել են միջազգային ճանաչում ունեցող արտիստների մասնակցությամբ 3 համերգներ, շուրջ 100 դասախոսություն է կայացել 8 բուհում, այլ կրթական հաստատություններում, բաց տարածքներում՝ Երևանի ու մարզերի սովորողների, ինչպես նաև հանրային լայն շրջանակների մասնակցությամբ։

Փառատոնի մասին հաղորդագրություններ են տարածվել միջազգային մամուլում։ Հաշվի առնելով այս արդյունքները՝ հանձնաժողովն արձանագրել է բարձր կատարողական՝ ի դեմս «Սթարմուսի» տնօրեն Գարիկ Իսրայելյանի։ Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ տարբեր չափանիշներով, այդ թվում՝ մասշտաբայնությամբ Հայաստանում անցկացված «Սթարմուսը» փառատոնի պատմության մեջ ամենաազդեցիկն էր։

Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ «Սթարմուս VI»-ը Հայաստանում վերջին 30 տարում կազմակերպված առաջին գիտական փառատոնն էր, որով հանրայնացվել է հատկապես երիտասարդության շրջանում նման բովանդակության նկատմամբ առկա մեծ պահանջարկը։

Հանձնաժողովի համանախագահները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ և կարևորել փառատոնի դերը՝ ինչպես Հայաստանում գիտության հանրահռչակման, այնպես էլ աշխարհում Հայաստանի՝ որպես գիտակրթական և մշակութային հանգույցի ներկայացման առումով։ ԱԺ փոխխոսնակը նշել է միջազգային հարթակներում Հայաստանը՝ որպես գիտական միջազգային փառատոների անցկացման երկիր դիրքավորելու կարևորությունը, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ «Սթարմուս VI»-ը երկարաժամկետ և կարևոր ազդեցություն կունենա հանրային կյանքում և հատկապես երիտասարդության շրջանում։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման բարեփոխումների իրականացմանն ու հանրայնացմանը նպաստող միջազգային մակարդակի գիտակրթական, մշակութային միջոցառումները լինելու են շարունակական։

Նիստում կարևորվել է նաև փառատոնի շրջանակում մեր երկիր այցելած գիտնականների և մշակութային գործիչների ներուժի իրացումը, ինչը կնպաստի ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանը նշված ոլորտներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում