Անկարայի և Երևանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները հետագայում տեղի կունենան Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրի տարածքում: Այս մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Կատարի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։
Լրագրողի հարցին՝ «ապագայում կարո՞ղ ենք սպասել պայմանգրի»՝ Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է, որ այս պահին չկա պայմանագրի նախագիծ, որը պետք է ստորագրվի Հայաստանի հետ: «Չենք բանակցում որևէ պայմանագրի շուրջ»,- շեշտել է Չավուշօղլին՝ մանրամասնելով, որ այժմ քննարկվում են հարաբերությունների կարգավորման ու փոխվստահության ձևավորմանն ուղղված քայլեր: Թուրքիայի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ Պրահայում նախագահ Էրդողանի և վարչապետ Փաշինյանի հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Չավուշօղլին շեշել է, որ Հարավային Կովկասում կայունության ու երկարաժամկետ խաղաղության հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բացակայությունն է: «Այդ ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են»,- նշել է արտգործնախարարն ու եզրափակել, որ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը բավական արդյունավետ է եղել:










